Մեր օրերից՝ ուրարտական դարաշրջան. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուները պատմության ու ժամանակի միջով կճանապարհորդեն վիրտուալ շրջագայությամբ: Նման հնարավորություն թանգարանը կունենա նոր մասնաշենքի կառուցումից հետո:
Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է:
Ավելի վաղ ստորագրված մտադրությունների հուշագիրը վերածվել է պայմանագրի: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն Բալյանը:
Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
Քաղաքապետ Հայկ Մարությանն, ընդգծելով Էրեբունի թանգարանի ընդարձակման ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար, նկատել է, որ այն բացառիկ նախագիծ է, որն ուրույն դեր է ունենալու Երևանի զարգացման և մշակութային կյանքի աշխուժացման գործում:
Կարդացեք նաև
Բարերար Ջոն Բալյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրագործումը սպասված է նաև իրենց ամբողջ ընտանիքի համար:
«Տարիներ ի վեր ես և տիկինս մտածում էինք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի և հայ ժողովրդի համար: Բավական ծրագրեր էինք մտածել, քննարկել, բայց ի վերջո որոշեցինք մշակութային մի գաղափար կյանքի կոչել: Էրեբունին և ուրարտական շրջանը կարևոր դեր են ունեցել մեր պատմության և մշակույթի ձևավորման գործում: Այժմ ժամանակն է, որ պատմական այս վայրը վերածնվի: Մեր նպատակն է մեծացնել թանգարանի տարածքն և ավելի շատ այցելուներ գրավելու հնարավորություն ստեղծել: Պայմանագրի ստորագրումն այս առումով առաջին քայլն էր: Հուսով ենք, հաջորդ տարի արդեն կդնենք մասնաշենքի հիմնաքարը»,-նկատել է բարերարը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով՝ ծրագիրը երկրորդ կյանք կպարգևի թանգարանին:
«Մենք կարիք ունենք նորարար տեխնոլոգիաների, նոր մոտեցումների, որոնք բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում: Նոր մասնաշենքի կառուցումը մեծապես փոխելու է Էրեբունի թանգարանի նկատմամբ վերաբերմունքը և նոր էջ է բացելու Հայաստանի թանգարանների պատմության մեջ: Մեր թանգարանը կհավակնի դառնալ Երևանի այցեքարտերից մեկը և մի քանի անգամ կմեծացնի այցելուների հոսքը»,- ասում է Միքայել Բադալյանն ու հավելում, որ ժամանակակից թանգարանը պետք է լինի ոչ միայն կոթողային կառույց, այլև՝ ժամանցի կազմակերպման հաճելի վայր:
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/529159541151303/
Երևանի քաղաքապետարան