«Դատարանի վճիռը թղթային տարբերակով ստացել ենք, մեր հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է, անվավեր է ճանաչվել տիկին Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, որով պարոն Օրբելյանն ազատվել էր աշխատանքից:
Պարոն Օրբելյանը վերականգնվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դատարանում Կոնստանտին Օրբելյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը:
Քանի որ մաեստրոն պահանջում էր նաեւ վճարել ֆինանսական փոխհատուցում` հարկադիր պարապուրդի համար, այդ մասին էլ հարցրինք Տիգրան Մարտիրոսյանից: «Դա եւս բավարարվել է: Դա Աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջ է, ավելի շատ ածանցյալ պահանջ է` աշխատանքի վերականգնման հետ կապված: Սկսած ապրիլի 1-ից պետք է հաշվարկվի իր պարապուրդի գումարը մինչեւ նրա փաստացի վերականգնման օրը, եւ վճարվի պարոն Օրբելյանին: Նախարարությանը եւ թատրոնին պարտավորեցվել է վճարել նաեւ դատական ծախսերը, դա փաստաբանի վճարն է, խելամիտ վարձատրության գումարն է 470000 դրամ, նաեւ նախարարությունը եւ օպերային թատրոնը պետք է վճարեն պետական տուրքի գումարը, որը կազմում է պարապուրդի գումարի 2 %-ը»,-ասաց Կոնստանտին Օրբելյանի շահերը ներկայացնող փաստաբանը:
Հիշեցնենք՝ Ն․ Ղարիբյանն Կոնստանտին Օրբելյանին ազատել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մի քանի հանգամանքներից ելնելով. առաջինը կառավարության որոշումն էր, որն այդ պահին դեռ ուժի մեջ չէր եղել, երբ մաեստրոն տնօրեն էր նշանակվել, երկրորդը ՊՈԱԿ-ի մասին օրենքն էր, համաձայն որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումը, իսկ երրորդը` Կոնստանտին Օրբելյանի` հայերենի չիմացությունն էր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ