Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Ալիև «բանավոր պատերազմի» ֆոնին թեժանում է նաև պատերազմի վտանգը. Eurasianet

Հոկտեմբեր 08,2019 18:21

Օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ «Արցախը Հայաստան է և վերջ» խնդրահարույց հայտարարությամբ: Այս կտրուկ հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց, քանի որ չէր համընկնում Հայաստանի նախորդ ղեկավարների՝ այդ տարածքի վերաբերյալ արված հայտարարությունների հետ՝ տարածք, որը տեսականորեն հայերի և ադրբեջանցիների բանակցությունների առարկան է՝ գրում է ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերան Eurasianet կայքում:

Երկու ամիս անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Վալդայ» ակումբում բարձրաստիճան լսարանի, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առջև պատասխանեց Փաշինյանի հայտարարությանը. «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»:

«Ադրբեջանական հնազանդ  մամուլը Ալիևի սարկաստիկ հայտարարությունը այնպես էր լուսաբանում, կարծես Ուինսթոն Չերչիլի հերթական գալուստն էր»,-գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով հատվածներ ադրբեջանական մամուլից:

Օրինակ՝ ona.az կայքը գրեց, որ «Ադրբեջանի նախագահի ելույթը կմնա «Վալդայ» ակումբի պատմության մեջ»: Turan գործակալությունն էլ ուշադրություն  հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իբրև թե լարված և ուշադիր լսել է Ալիևի ելույթը: Հոդվածագիրը մեջբերում է նաև Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, որ «Ալիևի հայտարարությունը մեծ ոգևորությամբ են ընդունել բանակում»:

Կուչերան հիշատակել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարեց «Կոսովոն Ալբանիա է»: Դա, իհարկե, չի օգնում ստեղծել մթնոլորտ՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար»»:

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետին, ապա հոդվածագրի կարծիքով Փաշինյանը  փորձել է հետ կանգնել հայտարարությունից:  Սեպտեմբերին վարչապետը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է. «Եթե իրենց (ադրբեջանցիների-խմբ.) սկզբունքն այդպիսին է, այդպես կտրուկ և փոխզիջում չճանաչող, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի «Արցախը Հայաստանը է և վերջ»»:

Կուչերան անդրադարձել է նաև Լավրովի հայտարարությունից հետո Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանին:

Հոդվածագիրը կարծում է, որ Փաշինյան-Ալիև «բանավոր պատերազմի» ֆոնին թեժանում է նաև պատերազմի վտանգը, քանի որ վերջին շրջանում շփման գծում իրավիճակը կրկին թեժացել է:

ՄԱԿ Գլխավոր ասամբելայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել բավականին «մռայլ» հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին  հավելյալ միջոցներ ձեռնարկել լարվածությունը մեղմացնելու համար: «Բնակչությանը խաղաղության նախապատրաստելու» հույսերը, որոնք առաջացել էին տարեսկզբին խաղաղ բանակցությունների վերսկսումից հետո, արագորեն մարում են, եզրափակում  է հոդվածագիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031