Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրի համայնքը պատրաստ է 40-70 հա տարածք տրամադրել`ազատ տնտեսական գոտու համար. Մխիթար Զաքարյան

Հոկտեմբեր 08,2019 16:48

«ԵԱՏՄ երկրները, որոնք ունեն նման հնարավորություն, ազատ տնտեսական գոտու համար հատուկ օրենք են ընդունել`այդպիսով հստակեցնելով բոլոր իրավահարաբերություններն ու առաջնահերթությունները: Օրենքը բավական կդյուրինացնի աշխատանքը, մանավանդ, որ ոչ ոք չի ակնկալում, որ դա պետք է դառնա հարկեր շրջանցելու տարածք կամ մանրածախ առեւտրով զբաղվելու տարածք»,- այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ԱՏԳ-ն ԵԱՏՄ քվոտայով է սահմանված:

Հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները: Ազատ տնտեսական գոտին բացվել է 2017 թվականից, սակայն ցայսօր պարապուրդի է մատնված:

«Եթե մենք ԵԱՏՄ-ի ամբիցիաներով ենք հարցին մոտենում, դա նշանակում է, որ մենք մաքսիմալ արդյունքներ պետք է ստանանք»,- ասաց փոխվարչապետը:

Պատգամավորներից Վաղարշակ Հակոբյանը փոխվարչապետից հետաքրքրվեց` ի՞նչ կետում եք ընդունել հարցը`պաշտոնը ստանձնելիս եւ ի՞նչ եք արել այս ընթացքում:

Փոխվարչապետն ասաց`իր համար շատ կարեւոր էր հասկանալ ԵԱՏՄ այլ երկրները ի՞նչ եւ ինչպե՞ս են արել. Ղազախստանը, ՌԴ-ն եւ Ղրղզստանը նման փորձ ունեն: Բացի այդ, փոխվարչապետն ասաց նաեւ, որ քննարկումներ են ընթանում Իրանի հետ`ազատ առեւտրի իմպլեմենտացման հարցով: «Երրորդը`այդ ամենի տրանզիտ ներուժի հետ կապված հարցերն են: Այդ հարթակը պետք է դիտարկենք ՀՀ-Իրան, թե՞ Իրան-ԵԱՏՄ: Բելառուսից գործարարներ կան, որոնք ցանկություն ունեն այդ հարթակում գործունեություն ծավալել: Այսօր կարող ենք արդյունքներ ամփոփել»,- ասաց փոխվարչապետը` հավելելով, որ ինքը չի բացառում, որ այս կարգավիճակով հնարավոր է սկսել գոտու գործարկումը՝ նկատի ունենալով նաեւ հավելյալ հնարավորությունները:

Քննարկմանը ներկա Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ հայտարարեց, որ համայնքն ունի 40-70 հա հող: Այդ տարածքը ԱՏԳ-ի համար նախատեսված տարածքից մի փոքր այն կողմ, որը պատրաստ են տրամադրել ԱՏԳ-ին, բայց 5-10 տոկոս բաժնեմաս է համայնքի ավագանին ակնկալում: «Հնարավոր կլինի`լավ, չէ`էլի պատրաստ ենք տրամադրել»,- ասաց Մխիթար Զաքարյանը`հավելելով, որ նաեւ 7 եւ 25 հա լոտերի գործերը դատարանում շուտով կհանգուցալուծվեն: Գործը օգոստոսից դատական վարույթում է, եղել են ապօրինի աճուրդներ Կարճեւան համայնքի կողմից, այն ժամանակ համայնքը խոշորացված չէր:

Համայնքապետն այս գործում ժամանակն է կարեւորում, հողերի հարցին սպասելը ժամանակի կորուստ է համարում:

Մանրամասները` տեսանյութում

Քննարկմանը մասնակցող ԱԱԾ պետի տեղակալ գեներալ Մելքումյանն էլ անդրադարձավ սահմանային ուղեկալի հետ կապված հարցերին: Ասաց, որ գետի ափով գնացող ինժեներատեխնիկական գիծը կարելի է տեղափոխել 900 մետրի չափով: Սահմանային հսկողությունն այդ պարագայում, բնական է, մի փոքր բարդանում է`եւ մարդկային ռեսուրսի հարց կա, եւ տեխնիկական հնարավորությունների, հուսալիություն ապահովելու համար նոր ծախսեր են պահանջվելու, բայց պատկան մարմինները պատրաստ են դրան, եթե հարցը քաղաքական լուծում ստանա: Տեղափոխման վերջնական որոշումից հետո միայն հաշվարկները հստակ կլինեն, թե որքան գումար կպահանջվի ուղեկալի տեղափոխման համար: Նախնական ուսումնասիրության համար 10 միլիոն դրամ է անհրաժեշտ` դա հայտարարվեց Շիրակի մարզում համանման գործընթացից ելնելով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ անդրադարձավ արդեն իրականացված շինարարական աշխատանքներին: Ըստ նրա, իրականացված շինարարությունը բավական լավ որակի է եւ շուկայական գնից ցածր գնով է կատարվել`մոտ 30 տոկոսով: Համանման գնահատական է տվել նաեւ կոմիտեի նախկին ղեկավարությունը:

Շինարարական ընկերության ներկայացուցիչների համար անակնկալ էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրենց դատի է տվել: Հարցն օգոստոս ամսից դատական վարույթում է, բաց իրենք դեռ տեղյակ չեն: Նախարարությունում ուսումնասիրել եւ եկել եզրակացության, որ շինարարության ժամանակ ծախսը գերակշռել է:

Շինարարական կազմակերպության տնօրենն ասաց, որ 59 օրում են աշխատանքը կատարել`երբ նախագիծ, նախահաշվարկ եւ այլ նախնական անհրաժեշտ տարրեր չկային: Աշխատել են երկհերթ, եռահերթ, նեղ մասնագետներ են ներգրավվել տարբեր մարզերից, աշխատանքն արվել է առանց ընթացակարգերի, անգամ շինթույլտվությունը ստացվել է շինարարության ավարտից հետո: Պատվիրատուն`կառավարությունը խնդիր էր դրել`արագ եւ որակով ավարտել շինարարությունը: Կան փորձագիտական երկու եզրակացություններ շինարարության որակի մասին: Առաջինով, ըստ ընկերության նախագահի, թերի ուսումնասիրություն է կատարվել եւ եզրակացություն ներկայացվել, որ շինարարական ընկերությունը շատ գումար է ուզում, բայց հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել եւ փաստաթղթերն էլ կան, որ շինարարությունը հավուր պատշաճի է կատարվել, ներկայացած արժեքներն էլ իրականությանը համապատասխանում են:

Արծարծված հարցերի առնչությամբ կառավարությունում խորհրդարանում կլինեն բովանդակային քննարկումներ, երեք ամիս անց հարցին նոր անդրադարձ կարվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031