ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական 15-րդ DigiTec Expo-ի ընթացքում աչքի էին ընկնում դպրոցականները՝ ներկայացնելով իրենց պատրաստած մեքենաները, թռչող ու գծագրական սարքերը և 3D տպիչները։ Այցելուները հետաքրքրվում էին հատկապես բազմաֆունկցիոնալ ռոբոտների աշխատանքով ու ստեղծման տեխնոլոգիայով։
Դավիթ Բեկյանը իր խաղը ստեղծել է վեց ամսում։ Ճանաչված մուլտֆիլմի հերոսը տարբեր աշխարհներ է հաղթահարում և հասնում իր սիրելիին։ «Սկզբից հեշտ էր, բայց հետո դժվարանում էի, ամեն ինչը ես եմ որոշել, նկարները ինտերնետից եմ գտել, դրա նման սարքել, ավելացրել եմ»,- ասում է Դավիթը։
Ուսանողուհի Լիլիթ Հովսեփյանը երկրորդ տարին է այցելում DigiTec expo ցուցահանդես, այս անգամ երեխաների պատրաստած աշխատանքներն է հավանել: «Ինձ տպավորեցին խելացի աղբարկղերը, երևի երեխաներին շատ են ասում՝ աղբը տար թափի, նրանք էլ որոշել էին ինչ-որ բարեփոխում մտցնել»,- ենթադրում է Լիլիթն ու ավելացնում, որ ընկույզները այլ առարկաներից տարբերակող սարքն էլ է դուր եկել։
Արթուր Ստեփանյանը աղբը թափել իսկապես չի սիրում, բացատրում է, թե ինչպես է աշխատում իր ծրագրավորած աղբամանը․ «Հեռաչափը, սարք է, որը անտեսանելի լազեր է գցում, իսկ սերբոն բարձրացնում է կափարիչը, մարդը ձեռքը մոտեցնում է, հեռաչափը զգում է, սերբոն բացում է աղբամանը»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 15-րդ DigiTec Expo-ն հոկտեմբերի 6-9 –ն է նախատեսված եւ ցուցահանդեսը տեղի է ունենում WCIT 2019 Yerevan-ին զուգահեռ։
ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ 80,000-ից ավելի այցելուները ծանոթանում են գլոբալ տեխնոլոգիական միտումներին: Ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:
Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ