Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ուզում եք պետության գումարները վատնե՞լ». Փոխնախարարը` պատգամավորին

Հոկտեմբեր 08,2019 15:53

«2017-ին բացել գոտին եւ մինչ օրս այն չգործի, լավ չէ»,- ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Խոսքը Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին է, որը ԵԱՏՄ քվոտայով է սահմանված: Հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները:

Ազատ տնտեսական գոտու գործարկման հետ կապված, հիշեցենք, մի քանի խնդիր է առաջացել`հողերի`տարածքի կադաստրային գրանցման հարցը չի լուծվում, սահմանապահ ուղեկալի եւ շինարարության հետ կապված:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն իր խոսքում ասաց` գոտու յուրահատկությունն այն է, որ այնտեղ մանրածախ առեւտուր էլ է հնարավոր իրականացնել: Այն նաեւ արտադրա-արդյունաբերական, լոգիստիկ գոտի է: Գործունեության ժամկետը մոտ 50 տարի է: 50- 60 հեկտար տարածք է պահանջվում ազատ տնտեսական գոտու ամբողջությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն այս պահին 1, 8 հա տրամադրվել: Սկզբնական փուլում նախատեսված էր 700 միլիոնի ծախս կատարել ԱՏԳ-ում, կատարվել է` 400 միլիոն:

Ըստ փոխնախարարի, մեկ մաքսակետի ստեղծումը 500-1 միլիոն դոլար է պահանջում պետությունից, իսկ զուտ տնտեսական գոտում գործունեություն ծավալող գործարարների պայմանագրերը չեն փոխհատուցում այդ ծախսը, դրանք կազմելու են մոտ 50 հազար դոլար: Իսկ եթե հետագայում ԱՏԳ տարածքն ընդլայնվի, մաքսակետը պետք է տեղափոխվի, ինչը ենթադրում է հավելյալ ծախս: Հողերի եւ շինարարի հետ կապված դատական գործընթաց կա եւ միայն դրա ավարտից ու հստակեցումներից հետո, ըստ փոխնախարարի, հնարավոր կլինի մաքսակետի տեղակայման տարածքը որոշել, ապա մտածել գործարկման մասին:

ԱՏԳ-ի վերաբերյալ հետաքրքրությունը կա եւ շահագործողների, եւ օպերատորների կողմից, այս պահն արդեն տասը տարբեր ընկերություններ հետաքրքրված են: Շահագործողները հիմնականում ՌԴ-ից եւ Իրանից են, օպերատորներից` շվեյցարական օպերատոր է հետաքրքրվել: Թե որքանո՞վ են այդ հետաքրքրություններն այս պահին գործնական, փոխնախարարը դեռ հստակ ասել չի կարող: Հետաքրքրություններն էլ ասում է, ընդհանուր են:

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ծախսի եւ փոխհատուցման անհամաչափության մասին փոխնախարարի դիտարկման հետ համամիտ չէ: Ըստ նրա, նախ վճարները տնտեսվարողներն ամեն ամիս են վճարելու, ուստի պետության կողմից կատարվելիք 500-1 միլիոն դոլար ծախսը կփոխհատուցվի ժամանակի ընթացքում: Բայցի այդ, ըստ նրա, շատ լավ շենքային պայմաններ կան, կարելի է ազատ տնտեսական գոտին շահագործել`մինչեւ մյուս հարցերի կարգավորումը:

Փոխնախարարը համամիտ չէ, քանի որ մաքսային պահեստ է պետք`հավելյալ բոլոր բաղադրիչներով: «Երկրորդ Լարս չենք կարող ստեղծել»,- ասաց նա` հավելելով, որ քանի դեռ հողերի հարցը լուծված չէ, տնտեսվարողների հետ չեն կարողանալու երկարաժամկետ պայմանագրեր կնքել, լրացուցիչ ռիսկեր են առաջանալու: Նախարարությունում կատարված նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին եւ այս իրավիճակով ԱՏԳ-ի շահագործումն իր տնտեսական հնարավոր էֆեկտով ձեռնտու չէ:

Վաղարշակ Հակոբյանը կրկին հակադրվեց փոխնախարարին. «Ինձ մոտ տպավորություն է, որ հարցը դիտարկում ենք այն տեսանկյունից, թե ինչպե՞ս հիմնավորենք ԱՏԳ-ի չաշխատելը»: Նա գտնում է, որ առայժմ կարելի է սկսել թեկուզ մանրածախ առեւտրի մասով`նկատի ունենալով 50-100 մետր հեռավորությամբ Հայաստան-Իրան սահմանին տեղի ունեցող ակտիվ առեւտուրը:

Փոխնախարարը ցավում է տպավորության համար. «Հարցը հետեւյալն է`դուք ուզում եք պետության գումարները վատնե՞լ, մինչեւ հողերի հարցը չլուծվի, օպերատորների հարցը չլուծվի, ԱՏԳ-ն չի աշխատելու, իսկ այդ դեպքում ո՞վ է հարկատուների գումարները տալու: Ուզում եք գնանք ռիսկի՞: Գնանք`տեսնենք ի՞նչ է ստացվելու: Բայց այս պահին այս պայմաններով մենք ասում ենք`չի աշխատելու»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031