Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը զեկուցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նախագիծը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Հիշեցնենք, որ առաջարկվում է, որ ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակվեն այն անձինք, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «Մենք փոխանակ մտածենք հատուկ ծառայություններում պրոֆեսիոնալների ընդգրկենք, մենք այսօր տանում ենք ազատականացում: Դուք վտանգ չե՞ք տեսնում այստեղ, որ դրսից կարող է մի 25 տարեկան շատ կիրթ երիտասարդ գա, որը բավարարում է պատգամավորի պահանջները ու նշանակվի ԱԱԾ պետ, նա ի՞նչ ցուցում պետք է տա ծառայողներին: Չե՞ք կարծում, որ դրանով մենք այդ ծառայությունները քաղաքականացնում ենք, այդ դեպում, երբ ամենաապաքաղաքականը պետք է լինեն: Վտանգ չե՞ք տեսնում: Ես չեմ ասում՝ վարչապետը շահագրգռված է փողոցայինի բերել, նշանակել, կարող է իսկապես պատգամավորի տվյալներով բավարարել, իրոք, շատ կիրթ մարդ լինի, բարձր տեխնոլոգիաների, բայց ո՞նց եք պատկերացնում՝ 25 տարեկան երիտասարդը ղեկավարի ԱԱԾ-ն ու իրավունք ունենա ցուցումներ տալ իր ենթականերին, տեղակալներին, ստորաբաժանումների ղեկավարներին: Ես սա չեմ պատկերացնում»: Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «25 տարեկան վարչապետ կարող է լինի, ԱԱԾ պետ չի՞ կարող լինի»:
Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն էլ անեկդոտով արձագանքեց. «Ասում է՝ գիտեք, չէ՞, ինչո՞ւ «Տիտանիկը» կործանվեց, իսկ Նոյյան տապանը հաջողության հասավ, որովհետեւ «Տիտանիկը» մասնագետներն էին կառուցել, իսկ Նոյյան տապանը` ոչ պրոֆեսիոնալները»: Պատգամավորները սկսեցին ծիծաղել:
Կարդացեք նաև
Պետրոսյանը պատասխանեց, որ «Տիտանիկն» ու երկրի ազգային անվտանգությունը համեմատե՞լ…, սա ուրիշ հարց է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ