Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Արզումանյան. «Հրանտ Մովսիսյանին առանձնահատուկ գնահատելու որեւէ տարբերակ չկա»

Հոկտեմբեր 08,2019 15:32

Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից իր ազատման դիմումը եւ գրել, որ ԵԹԿՊԻ-ն 28300 դրամ է գնահատում իր դասախոսներին, ինչը վիրավորական աշխատավարձ է:

Բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հրանտ Մովսիսյանի ազատման դիմումը, այսպես արձագանքեց. «Անկեղծ ասած, չեմ ընկալում` այդ բողոքն ում դեմ է, որովհետեւ իմ դեմ է, պետք է ասեմ, որ ես ընդամենն առաջնորդվում են ընդհանուր սկզբունքներով:

Եթե բուհի ֆինանսների դեմ է, դա էլ չեմ ընկալում, որովհետեւ հնարավորությունները սա են, վարձը շատ մեծ չէ, ուսանողների թիվը փոքր է, կա պետական պատվեր, ինչպես մյուս բուհերի, այնպես էլ մեր պարագայում, եւ կա ուսանողի վճար: Իսկ եթե քաղաքականության դեմ է, որ լավ չեն վճարվում, գուցե էլի տեղին չէ, որովհետեւ, պետք է սպասենք մի քիչ: Կամ եթե պետք է բարձրաձայներ այդ մասին, ինչու մինչեւ հիմա չէր բարձրաձայնում»:

Այնուհետեւ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ներկայացրեց դասախոսների վարձատրման սկզբունքը: Ասաց, որ բուհում 1 ժամ ծանրաբեռնվածությունը 1200 դրամ է, որը սեպտեմբերի 1-ից դարձել է 1600 դրամ, ինչը ռեկտորի ձեւակերպմամբ, առավելագույն հնարավորություն է:

«Դոցենտներինը 1800 դրամից դարձել է 2000, պրոֆեսորներինը` 2000 դրամից 2200: Հրանտ Մովսիսյանը դոցենտ չէ, պրոֆեսոր չէ, եւ դա իմ մեղքը չէ: Ինքն ունի մեկ կուրս` առաջին կուրս, ընդամենը 8 ուսանող, եւ առաջին կուրսում մասնագիտական ժամերն ավելի քիչ են, որովհետեւ տեսական առարկաներ էլ են անցնում` հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն եւ այլն:Եվ դասերը կազմում են 268 ժամ, որից 128-ը ինքն իր կամքով տվել է երկրորդ դասախոսին անհատական պարապմունքների համար: Իրեն մնացել է 140 ժամ, ամեն ամիս էլ 10000 դրամ ստանում է որպես կուրսի ղեկավար, հիմա դա է մեր հնարավորությունը:

Ինչ վերաբերում է նրան, որ ասում է` ես վաստակավոր եմ, կներեք, սա բուհ է, որտեղ աշխատում են բազմաթիվ վաստակավորներ, ժողովրդականներ, վաստակած մարդիկ, եւ որեւէ մեկն իրեն առանձնահատուկ գնահատելու պահանջ չի ներկայացնում: Հրանտ Մովսիսյանին եւս առանձնահատուկ գնահատելու որեւէ տարբերակ չկա:

Մի բան էլ` մանկավարժ լինելը միշտ էլ նվիրում է պահանջում, եւ մանկավարժը երբեք չի վարձատրվում այնքան, որքան տալիս է, միշտ է այդպես եղել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031