Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն Իմ քայլականներին հիշեցրեց «Ռեսթարթին»՝ մարդուն վերցրել, գցել էին աղբարկղը, նրանք էլ հիշեցրին «Բուկինիստի» վրա ձվեր նետելը, ուսուցիչների վրա հարձակումը

Հոկտեմբեր 08,2019 14:59

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Թագուհի Ղազարյանը հայտարարության նախագիծ ներկայացրեցին՝ Քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման մասին:

Մարիա Կարապետյանն ասաց, որ ցույցերի ժամանակ հնչում են խոսքեր, որոնք գուցե համակրելի են հասարակության մի շերտի համար, սակայն այդ ցույցերի շրջանակում օգտագործելի են մեթոդներ, որոնք միանշանակ դատապարտելի են: Պետք է աջակցել միայն այնպիսի գործողություններին, որոնք բովանդակության եւ իրագործման առումով իսկապես խաղաղ են. «Տարբերություն կա դատարանի շենքի առջեւ ցույց անելու մեջ եւ կոնկրետ դատավորին մոտենալու մեջ, տարանջատման գիծ պետք է գործի»:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Որպես նախկին լրագրող, ինձ համար խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, բայց ես ուզում եմ, որ մենք երկակի ստանդարտներ չկիրառենք, որ մի քաղհասարակության դեմ կատարվողը դատապարտեն, մյուսինը՝ ոչ: Մի ԶԼՄ-ի հանդեպ դատապարտենք… Եթե արդարադատությունը լինելու է ընտրովի, եթե ասենք՝ սա մեր ԶԼՄ-ն է, իսկ մյուսին հասնում է, որովհետեւ այս բառը չակերտների մեջ է գրվել, եթե սա այն ՀԿ-ն է, որը ֆինանսավորվում է x տեղից, որից մենք էլ ենք ֆինանսավորվում, իսկ որ մեկին վերցնում են, գցում են աղբարկղի մեջ…Ռեսթարթի անդամներ Գարիկ Միսակյանը, Դավիթ Պետրոսյանը վերցնում եւ գցում են մարդուն աղբարկղը, հիմա սա դատապարտելի՞ է, թե՞ ոչ, «Հայելու» դեմ ոտնձգությունը դատապարտելի՞ է թե՞ ոչ»:

Թագուհի Ղազարյանը պատասխանեց, որ մարտի 4-ին տեղի ունեցած դեպքի հետ կապված հայտարարությունը տարածել են նույն օրը եւ հայտարարությունը կարդացել են ԱԺ ամբիոնից, ուստի ասել, որ չեն արձագանքել՝ ճիշտ չէ, անարդար է. «Այն արարքները, որոնց շուրջ կա հարուցված գործ, հնարավորինս պետք է ձեռնպահ մնանք գնահատական տալուց: Մենք խոսում ենք այն արարքների մասին, որոնք քրեականացված չեն, բայց ատելության մթնոլորտ են ստեղծում»: Նա հորդորեց իրենց քաղաքական ուժին համակրողներին զերծ մնալ ատելության խոսքից եւ բռնություններից. «Անգամ եթե ձեր էմոցիաները տեղի են տալիս՝ ի պաշտպանություն մեզ, այդ բռնարարքները եւ բռնության կոչերը ամենեւին մեր օրակարգը չեն սպասարկում: Ձգտեք դեպի համերաշխության եւ հաշտության ցանկացած լարված օրակարգում»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե Հայաստանում ամեն դուր չեկած բանից հետո ձվերով խփեն՝ ձվի դեֆիցիտ կլինի. «Եթե այս անդունդը խորանա, ատելության խոսքը խորանա, մենք պիտի բաժանվենք ճամբարների եւ բոլոր հնարավոր բանջարաբոստանային կուլտուրաներով սկսենք իրար խփել: Եկեք գտնենք լուծում»:

Ղազարյանը հիշեցրեց, որ «Բուկինիստ» գրախանութի վրա գրքի շնորհանդեսի համար ձվեր էին նետել: «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ ուսուցիչների վրա հարձակումների մասին հիշեցրեց. «Գուցե իսկապես մենք ուշացել ենք…»: Նա մարդու իրավունքների կոնվենցիայից մեջբերում արեց՝ ասելով որ այո, խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, բայց կոնվենցիան սահմանափակումները հստակ դնում է՝ եթե առնչվում է բռնությանը, հասարակության անվտանգությանը, այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը պաշտպանելուն: «Ռեսթարթի» ակցիան ես ինքս դատապարտել եմ, բայց համարել եմ, որ եթե մենք ակցիան դատապարտում ենք, բայց որեւէ կերպ չենք անդրադառնում դրան նախորդած ակցիաներին, մենք ապրում ենք մեր հասարակական նորմերում, չենք կարող դուրս գալ դրանից: Ատելության խոսքի սահմանումը նաեւ հստակ սահմանվում է, դա պարբերականությունն է եւ որոշակի միֆերի, ստերեոտիպերի արդյունքում ձեւավորված եւ ուղղորդված ատելությունն ու թիրախավորումն է: Ինչ արվում էր Դավիթ Պետրոսյանի նկատմամբ, դա հստակ թիրախավորված եւ ուղղորդված ատելության խոսք էր»:

Գայանե Աբրահամյանն առաջարկեց, որ Քրեական օրենսգրքի 226 հոդվածի դիսպոզիցիան մեծացնեն: Նաիրա Զոհրաբյանը համակարծիք էր: Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավորների հայտարարությանը միանալուն՝ տիկին Զոհրաբյանը չշտապեց դա անել՝ ասելով, որ պետք է քննարկեն խմբակցությունում, գուցե առանձին պատգամավորներ միանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031