Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Թագուհի Ղազարյանը հայտարարության նախագիծ ներկայացրեցին՝ Քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման մասին:
Մարիա Կարապետյանն ասաց, որ հայտարարությունը բաց է եւ կարող են այլ պատգամավորներն էլ միանալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալ պատգամավորներս, վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում ամրագրված քաղաքացիական համերաշխության նպատակին, վերահաստատելով մեր հավատարմությունը Կարծիքի արտահայտման եւ հավաքների ազատության սահմանադրական երաշխիքներին, ինչպես նաեւ խտրականության սահմանադրական արգելքին, պատասխանատվություն կրելով Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հետեւանքով սկսված հանրային վերափոխման գործընթացների եւ բռնությունից զերծ հանրության ձեւավորման համար, հաշվի առնելով, թե թվային տեխնոլոգիաների զարգացումը ինչպիսի ազդեցություն ունի մեդիայի, ինչպես նաեւ խոսքի ազատության իրացման հնարավորությունների վրա, գիտակցելով, որ հարկավոր են ամուր իրավական հիմքեր խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ հավասարակշռություն հաստատելու համար, խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության եւ նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների եւ լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների այլ անհատների եւ խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի եւ ոտնձգության դրսեւորումները, ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ խրախուսումը։
Այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք անում լայն հանրությանը եւ հանրային առանձին դերակատարներին չսատարել եւ չարդարացնել նման գործողությունները։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է թե՛ կարծիքի արտահայտման ազատությունը, թե՛ հավաքների ազատությունը։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ սեփական կարծիք եւ այն ազատ արտահայտել, ինչպես նաեւ փնտրել, ստանալ եւ տարածել գաղափարներ եւ կազմակերպել ու մասնակցել խաղաղ, առանց զենքի հավաքների։
Կարդացեք նաև
Այս երկու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի եւ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով։
Ատելության խոսքը արտահայտության տարբեր ձեւերի միջոցով անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականության, ատելության, թշնամանքի եւ բռնության հրահրումը, հարուցումը, սադրումը, տարածումը եւ խրախուսումն է, ինչպես նաեւ նման երեւույթների արդարացումն է Սահմանադրությամբ պաշտպանված հատկանիշներից մեկի հիմքով։
Սահմանադրությամբ պաշտպանված հատկանիշներն են սեռը, ռասան, մաշկի գույնը, էթնիկ կամ սոցիալական ծագումը, գենետիկական հատկանիշները, լեզուն, կրոնը, աշխարհայացքը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային վիճակը, ծնունդը, հաշմանդամությունը, տարիքը կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները։
Ատելության խոսքը արտահայտվում է նաեւ խարանի, վիրավորանքի, նսեմացման, բացասական կարծրատիպերի ստեղծման, հետամտման, հետապնդման, սպառնալիքի եւ ահաբեկման միջոցով։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այս պահին քրեականացված է միայն ազգային, ռասայական կամ կրոնական հիմքով թշնամանք հարուցելը եւ արժանապատվությունը նվաստացնելը, ինչպես նաեւ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչերը, զանգվածային անկարգությունների ժամանակ բռնության կոչերը, ահաբեկչության կոչերը, վերջիններիս արդարացումն ու քարոզը։ Սակայն բացի սրանցից կան ատելության խոսքի այլ ծայրահեղ դրսեւորումներ, որոնց մասին պետք է լինի հանրային լայն իրազեկվածություն եւ մերժում, իսկ դրանց որոշ տեսակների նկատմամբ նաեւ նոր օրենսդրական կարգավորումների միջոցով սանկցիա։
Այս տարվա օգոստոս ամսին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն իսկ քննարկման էր դրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու օրինագիծը։ Հանձն ենք առնում կատարելագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ հավասարակշռություն հաստատելու համար»:
Հայտարարության տակ այս պահին ստորագրել են Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը, Հերիքնազ Տիգրանյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ԵՍ էլ եմ միանում,բայց մեկ պայմանով՝եթե ավելացնեք նաև քավոր-սանիկ բառակապակցությունը…