Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում թեժ բանավեճ սկսվեց «Իմ քայլի» պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Մարիա Կարապետյանի եւ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջեւ:
Իմ քայլականներն առաջարկում էին հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնել, աշխատանքային խմբեր ձեւավորել: Նաիրա Զոհրաբյանի արձագանքը կոշտ էր, նա սկսեց պատմել, թե ինչ հագեցած օրակարգով է ինքն աշխատում՝ Արմավիր ՔԿՀ-ից հոգեբուժարաններ այցելում, գնում Գյումրի եւ այլն. «Հանձնաժողովը աշխատում է, ես հիմա չեմ ուզում տալ հանձնաժողովների անուններ, որոնք պարալիզացված են: Մի քանի օր անց քննարկելու ենք բանակում ինքնասպանությունների խնդիրը, մեզ մոտ լինելու են սեւազգեստ մայրերը: Դրանից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամն ազատ է: Եթե հանձնաժողովի անդամն ուզում է զբաղվել՝ զբաղվում է, պարտադիր չի, որ այդ զբաղմունքը լինի խմբակային: Օրենսդրական փաթեթների վրա աշխատում ենք, մեր փորձագետները ձեր տրամադրության տակ են: Եղե՞լ է դեպք, որ հանձնաժողովի որեւէ անդամ դիմի որեւէ օրենսդրական առաջարկով, հարյուր անգամ առաջարկել եմ՝ բերեք օրակարգ: Բայց տիկին Ղազարյան, ո՛չ ձեզանից, տիկի՛ն Կարապետյան, ո՛չ ձեզանից օրակարգ, որ եկեք աշխատանքային խումբ ստեղծենք, կամ գնանք արտագնա նիստի՝ չենք լսել: Նախաձեռնությունները միայն եղել են իմ կողմից, ես դա կարող եմ ասել՝ առանց ավելորդ համեստության»: Նա ասաց, որ հանձնաժողովի գործառույթը մենակ գլխադասային նախագծերը չեն՝ իրենց մակագրված:
Դիմելով իմ քայլականներին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես կողմ եմ, որ հանձնաժողովն ակտիվ աշխատի եւ կողմ եմ, որ այս մեկ տարի, մի քանի ամսվա մեջ ձեզանից լսեի գոնե մեկ օրակարգ, որ եկեք այս օրակարգի շուրջ քննարկում կազմակերպենք: Որեւէ անգամ չեք բերել տիկին Կարապետյան, ոչ էլ դուք, տիկին Ղազարյան: Քանիցս ձեզ ասել եմ՝ դուք հրաշալի զբաղվում եք կանանց իրավունքների պաշտպանությամբ: Ձեզ խնդրել եմ, տիկին Ղազարյան, եկեք կազմակերպեք քննարկում բռնության ենթարկված կանանց իրավունքների մասին, առ այս պահը որեւէ օրակարգ, թուղթ սեղանի վրա չի դրվել, կամ որ մի հատ գնա հոգեբուժարան: Դուք գիտե՞ք երեկ չէ առաջին օրը ես քանի հոգեբուժարանում եմ եղել, քանի կանանց եմ հանդիպել: Հիմա եթե ես ամեն օր դա ֆեյսբուքում չեմ ճպպացնում, դա չի նշանակում, որ չենք անում: Այնպես որ, եկեք այստեղ մեղադրանքներ չհնչեցնենք, իրար չվիրավորենք: Ես համբերատար մարդ եմ, բայց երբ տեսնում եմ, որ արդեն անցնում են արդարության սահմանը, ուրեմն իմացե՛ք՝ արդարության սահման իմ գործունեության հանդեպ ուղղակի թույլ չեմ տա անցնեք: Որեւէ անգամ, տիկի՛ն Ղազարյան, դուք չեք ներկայացրել որեւէ օրակարգ: Չե՛ք ներկայացրել, եկել եք, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք կամ չեք ժպտացել, քվեարկել եք, գնացել եք, չի՛ կարելի»:
Թագուհի Ղազարյանն արձագանքեց. «Քանի որ խոսում եք վիրավորանքի սահմանն անցնելու մասին, ես հորդորում եմ ձեզ հետո այս ձայնագրությունը նայել եւ ձեր խոսքը լսել, դուք եք սահմաններն անցնում: Ես հորդորում եմ նաեւ հանձնաժողովի մյուս նիստերը նայել, տեսնել, թե դուք ինչ առաջարկ եք արել, մենք ինչ ենք քննարկել: Տեսախցիկների բացակայության պայմաններում մենք երբեւէ չենք շփվել, մեր միակ շփումը եղել է հանձնաժողովի նիստերի ժամանակ, հետեւաբար ձեր բոլոր ասածները եւ իմ բոլոր ասածները արձանագրվել են, կարիք չկար այդպես մուննաթ գալ ինձ վրա, դուք մուննա՛թ եք գալիս, տիկի՛ն Զոհրաբյան»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հանձնաժողով են եկել, ասում են՝ պետք է այսպես անել, կամ այնպես անել. «Մենք շատ լավ գիտենք հանձնաժողովի ֆունկցիան որն է»:
Մարիա Կարապետյանի համար էլ անհասկանալի էր, թե ինչու վրդովվեց Նաիրա Զոհրաբյանը. «Ես ասում եմ՝ առավել ակտիվ պետք է աշխատել: Աշխատանքային խմբեր պետք է ձեւավորենք»:
Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանեց. «Ձեւավորենք, տիկին Կարապետյան, ե՞րբ եք առաջարկել, որ չենք ձեւավորել»: Մարիա Կարապետյանը Զոհրաբյանին ասաց. «Գռգռված եք, տիկին Զոհրաբյան, անհասկանալի վրդովմունք կա: Օրակարգ ենք բերել, սեղանին դրված է, եկեք քննարկեն, ոչ թե ենթադրեք, որ մեղադրանք է հնչել, դուք էլ պիտի պատասխանեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ