Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները:
Նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար: Արդարադատության նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումը արդյունավետ հարթակ է՝ քննարկելու արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում համագործակցության ռազմավարական ուղղությունները:
Ռուստամ Բադասյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է մի շարք ոլորտային ռազմավարությունների նախագծերի վերջին փոփոխությունները: Դրանք վերաբերել են Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարությանն ու Գործողությունների ծրագրին՝ նախարարը նշել է, որ դրանք նպատակաուղղված են ոլորտի ինստիտուցիոնալ ձևավորմանը՝ ստեղծելով բոլոր կարևոր դերակատարների մեկ շարունակական և համապարփակ շղթա՝ բարեփոխումներն իրականություն դարձնելու համար:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը, Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ այն ուղղված է ոչ միայն դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, այլև դատախազական և քննչական մարմինների բարեփոխմանը: Նախարարը կարևորել է նաև Ռազմավարության անդրադարձը հայ հասարակության համար կարևոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են սահմանադրական և ընտրական բարեփոխումները, ինչպես նաև անցումային արդարադատությունը՝ ուղղված հանրության հաշտեցման ապահովմանը, մեր պատմության ցավալի էջերը փակելուն ու ապագայում նույն սխալները բացառելուն:
Եզրափակելով խոսքը՝ արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր կառույցներին` ոլորտի բարեփոխումների գործընթացում շարունակական աջակցության համար:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել բարեփոխումներին աջակցելու հարցում և միաձայն ընդգծել, որ Արդարադատության նախարարության՝ վերջին շրջանի ջանքերն ու ռազմավարական կարևոր փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքները բարեփոխումների ճանապարհով անցնող գործընկեր երկրների համար կարող են դիտվել որպես լավագույն օրինակ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն