Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Հանրային գործիչները պիտի այնպիսի ձևակերպումներ թույլ տան, որ այն նպաստի հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը». «168 ժամ»

Հոկտեմբեր 08,2019 11:48

Հարցազրույց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ

– ՀՀ-ում առկա է անհանդուրժողականության մթնոլորտ, որն օրեցօր սրվում է թե սոցիալական ցանցերում, թե դրանից դուրս: Թիրախում և՛ դատական համակարգն է, դատավորները, և՛ անհատ գործիչներ, և՛ լրատվամիջոցներ: Սա գուցե անպատժելիության մթնոլորտի հետևա՞նք է, ինչպե՞ս սա կանխել:

– Առհասարակ, անհանդուրժողականություն կա, արժանապատվությունը վիրավորող խոսք կա, ատելության խոսք կա, և սա վտանգավոր չափերի է հասել: Եվ սրանք նաև վտանգավոր են, որովհետև կարող են հանգեցնել բռնության: Անհանդուրժողականության մակարդակը բավականին բարձր է: Ես ուզում եմ հատուկ նշել, որ դրա՝ վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորելու, ատելության խոսքի մակարդակը բարձր է հատկապես սոցիալական ցանցերում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ այդտեղ առավել ագրեսիվ են:

Մի խնդրահարույց երևույթ էլ կա. կեղծ օգտատերերի միջոցով ավելի մեծ տարածում է գտնում վիրավորական խոսքը և ատելությունը: Սա չի նպաստում հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի, ընդհանուր փոխադարձ հարգանքի ձևավորմանը, ավելին, վտանգում է այլակարծությունը: Մարդիկ հաճախ խուսափում են իրենց կարծիքն արտահայտել, որովհետև վախենում են թիրախավորվելուց:

Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ սա դժվարացնում է լրագրողի աշխատանքը, եղել են դեպքեր, երբ լրագրողը նույնացվել է այն մարդու հետ, ումից հարցազրույց է վերցրել:

Այսինքն՝ հաճախ նաև լրագրողն է թիրախավորվում, դառնում այդ ատելության խոսքի թիրախը: Բոլոր առումներով ես սա համարում եմ անթույլատրելի երևույթ, և սրա կանխարգելման, սրա դեմ պայքարի եղանակները պետք է արդյունավետ լինեն բոլոր կողմերից:

Իրենց հերթին՝ հանրային գործիչները պիտի այնպիսի ձևակերպումներ թույլ տան, որ այն նպաստի հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Ես իմ օրինակով եմ դա փորձում ցույց տալ՝ օգտագործելով այնպիսի բառապաշար, արտահայտություններ, ձևակերպումներ, որոնք հարգանքի մթնոլորտ են ձևավորում:

Կա մեկ այլ խնդիր ևս. շատ մտահոգիչ է, որ թիրախավորվում է մարդու անձնական, մասնավոր, ընտանեկան կյանքը: Սա նույնպես պետք է կանխարգելել: Ես դրա հետ կապված հայտարարություն էի տարածել, մենք աշխատում ենք նաև մեր գործընկերների՝ մի շարք պատգամավորների հետ, ունենք պայմանավորվածություններ համատեղ քայլեր մշակելու համար: Ես կարևորում եմ, որ խորհրդարանը նույնպես միանա: Առաջիկայում քննարկումներ կունենանք՝ մտածելու համապարփակ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031