Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլի ադրբեջանահաճո դիրքորոշումը՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ

Հոկտեմբեր 08,2019 14:30

Իսկ Ալիեւը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրում է որպես՝ «ռազմավարական գործընկերություն»

Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում չշոշափեց ԼՂ խնդրի թեման, որը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության ղեկավարի խոսք, կարող էր ուշագրավ լինել։ Սակայն նա Հայաստանից հեռացավ եւ Մոսկվան ի ցույց դրեց ադրբեջանահաճո գնահատական ԼՂ հարցում՝ թե՛ խոսքով, թե՛ որոշ քայլերով։

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել էր Սոչի, որտեղ նախատեսված էին նրա բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ: Սոչիում Ալիեւը հրավիրված էր «Վալդայ» համաժողովի լիագումար նիստին, որին բացի Պուտինից եւ Ալիեւից, ներկա էին այլ պետությունների ղեկավարներ: Ի դեպ, նկատենք, որ այս անգամ Հայաստանից մասնակից ներկա չէր նշյալ հավաքին։

Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ «Վալդայ» համաժողովում ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքը կարելի է աննախադեպ համարել՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետության ներկայացուցիչ։

Լավրովը նախ հայտարարեց, որ երկխոսությունն այսօր, ըստ էության, դեռ չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան։ Լավրովի խոսքով, Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ, ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ Ղարաբաղում տեղի չունենան: «Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են եւ դրանք շատ խոշոր չեն»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ առաջխաղացում էլ բանակցություններում չկա. «Կարող եմ ասել, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, եւ չի հաջողվում այն հանել այդ վիճակից»:

Այնուհետեւ Սերգեյ Լավրովը հանդես է եկել գնահատականներով, որոնք ուղղակի Բաքվի դիրքորոշմանը համահունչ են եւ ուղղված Նիկոլ Փաշինյանի՝ ստեփանակերտյան հայտնի ելույթին։ ՌԴ արտգործնախարարը հստակ նշել է, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը եւ կոնկրետ մատնանշել է, թե որն է այդ հայտարարությունը՝ մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը: «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարություններն, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը»,-Սոչիում նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Այս մթնոլորտում Սոչիում կայացավ Պուտին-Ալիեւ հանդիպումը։ Նրանք հաստատել էին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում նկատվող դրական աճը: «Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջեւ հարաբերությունները շարունակել են զարգանալ եւ բարեհաջող զարգանում են: Ամրապնդվում են առեւտրատնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ասել էր Պուտինը:

Նրա կարծիքով՝ այս ոլորտում երկու երկրների հարաբերությունները լավ տեսլական ունեն: «Նկատի ունեմ ծրագրերը, որի հեղինակն Ադրբեջանի նախագահն է: Մենք մեր կողմից անում ենք ամեն հնարավորը, որ այդ խոշոր նախագծերն իրականան»,- հավելել էր Պուտինը՝ նշելով նաեւ, որ դրանով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը: «Կարիք կա նաեւ փոխանակվել տեղեկություններով, թե ինչպես են զարգանում մեր հարաբերություններն այլ ուղղություններով, հուսով եմ՝ այդ ամբողջը մեզ այսօր կհաջողվի, եւ դուք էլ կմասնակցեք ակտիվ հետաքրքիր քննարկմանը»,-նշել էր ՌԴ նախագահը:

Իր հերթին, Ալիեւը շնորհակալություն էր հայտնել Պուտինին հանդիպման հնարավորության համար. «Ինչպես դուք արդեն նկատեցիք, մենք տեւական ժամանակ է, ինչ չենք հանդիպել, ավելի ստույգ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով մեր հանդիպումների հաճախականությունն անցյալ տարում»:

Ալիեւը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրել է իբրեւ ռազմավարական գործընկերություն՝ գովեստի խոսքեր շռայլելով Պուտինի հասցեին: Նա անդրադարձել էր երկու երկրների միջեւ տնտեսության ոլորտում դրական աճին: «Ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարում: Մեր տվյալներով՝ աճը մինչեւ օգոստոս կազմել է 20%: Մեզ համար Ռուսաստանը կարեւորագույն գործընկեր եւ լավ հարեւան է: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Համոզված եմ, այսօրվա քննարկումը լավ ներդրում կլինի մեր հարաբերությունների ամրապնդման գործում»,-եզրափակել է Ալիեւը: «Պուտինի գործոնն» օգնեց Ռուսաստանին հաղթահարել 2000-ական թվականների տնտեսական խնդիրները, «Վալդայ» քննարկումների ակումբի լիագումար նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Կարեւոր գործոնը, որի շնորհիվ Ռուսաստանը կարողացավ պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից, դա «Վլադիմիր Պուտինի գործոնն է»: Այո, սա է ճշմարտությունը եւ այդ մասին պետք է իմանան բոլորը»,- ասել է Ալիեւը` արժանանալով ծափահարությունների: Ալիեւը հավելել է, որ հենց Պուտինի քաջության, վճռականության, իմաստության եւ հայրենասիրության շնորհիվ է, որ Ռուսաստանն այսօր համաշխարհային առաջատար տերություն է համարվում:

Խոսելով «ակտիվ զարգացող ռազմատեխնիկական համագործակցության» մասին՝ Ալիեւը տեղեկացրել է. «Այսօր մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել առ այն, որ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսական տեխնիկայի ձեռքբերման շրջանակներում ստորագրված պայմանագրերը կազմում են 5 միլիարդ դոլար»։ Ալիեւը նաեւ ընդգծել է, որ 3 միլիարդ դոլարի պայմանագրերն արդեն գործարկվել են: Ռուսաստանն առաջատար երկրների ցանկում է, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է գնում:

Ի դեպ, օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցել։ Ըստ ռուսաստանյան «RIA Novosti»-ի՝ այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: «ԱԷԿ-ը կլինի այնպիսին, որը կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը: Մենք ուժեղ կայան ենք առաջարկում»,-ասել է Լիխաչյովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեծապես ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը: «2018 թվականին ադրբեջանցիները 14 տոկոսով ավելացրել են էլեկտրաէներգիայի սպառումը եւ գեներացումը, ինչը շատ է»,-հավելել է Լիխաչյովը։

Տարեցտարի խորացող ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունների, Պուտին-Ալիեւ բավական բարձր հարաբերությունների մասին վերջին տարիներին բավական խոսվել է, այստեղ նոր բացահայտումների կարիք չկա։

Սակայն կարեւոր են նրբությունները, որոնք վստահաբար, պատահական չեն։ Պուտինը ժամանում է Երեւան, այստեղ հանդիպման արդյունքում արված հրապարակային հայտարարություններում որեւէ անդրադարձ չի արվում ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացին, այն հանգամանքին, որ, օրինակ, վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ականատես ենք դառնում սադրիչ գործողությունների ու սահմանային լարվածության փաստերի։

Պուտինը մեկնում է Հայաստանից, մեկ օր անց Ռուսաստանի արտգործնախարարը փաստացի քննադատում է Նիկոլ Փաշինյանի՝ ստեփանակերտյան հայտարարությունը՝ այն անընդունելի համարելով եւ որեւէ խոսք չասելով Ադրբեջանի դատապարտելի գործողությունների մասին։

Բայց սա էլ, պարզվում է, ամենը չէ. «Վալդայ» համաժողովը դառնում է Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին ուղղված քննադատությունների ամբիոն, այն էլ՝ Պուտինի ներկայությամբ։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031