Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում էիր՝ դեռ կգա ժամանակը, ու մարդկանց կբացատրես, որ դու գազան չես, որ դու սիրտ ունես, այն էլ ինչպիսի՜ զգայուն սիրտ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2019 10:57

Մեկ-մեկ ինձ թվում է, որ մահդ նախապատրաստվում էր տարիների ընթացքում։ Հա՛, Վազգեն, մենք՝ ամեն մեկս, մեղավոր ենք քո մահվան հարցում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը տեղին-անտեղին վատաբանել է քեզ, ու մենք՝ քո շրջապատի մարդիկս, չենք հակադարձել, աննկատելիորեն նպաստել ենք դրան։ Փոխանակ քո մասին անբարենպաստ կարծիքների ձեւավորման պատճառները հասկանալու ու դրանց դեմն առնելու, հաճախ չնկատելու են տրվել դրանք։

Էլ չեմ ասում, որ երբեմն էլ հենց դու ես նպաստել դրան, ընդ որում՝ գիտակցաբար։ Մի անգամ ասացիր, որ երբեմն քեզ թվում է, թե սրճարանում նստած անհոգ երիտասարդները քեզ կտրորեն, եթե դու թույլ լինես։ Ու քեզ համար ինքդ էիր կերտում կոպիտ, բռի, «ուժեղ» մարդու կերպար, որ ուրիշները քեզնից վախենան, քեզ չառարկեն։ Ասում էիր, որ դա ոչ թե քեզ էր պետք, այլ այն գործին, որի բեռի տակ էիր մտել ճակատագրի բերումով։ Թեեւ սերդ, ջերմությունդ անթաքույց հասնում էին խրամատի զինվորին, ու նրանք է, որ քեզ տեսան ու զգացին այնպիսին, ինչպիսին էությունդ էր։ Ասում էիր, որ հիմա պետք է ուժեղ երեւալ, որ քեզ հավատան, ետեւիցդ գան։

Ինչ-որ պահի լուրեր պտտվեցին, թե նահանջող զինվորի ես կրակել։ Նույնիսկ բարձրաձայն հաստատեցիր դա։ Եղան քեզ պաշտպանողներ ու պախարակողներ։ Այդպիսի դեպք, իհարկե, չէր եղել, բայց նման հրապարակավ հայտարարությամբ, չվախենալով դաժանության մեջ մեղադրվելուց, դու փորձում է իր կասեցնել վախկոտների ու նահանջի մասին մտածողների ճանապարհը։

Լսել էիր, որ մի անգամ Անդրանիկը շուռ է եկել ու տեսել, որ ետեւից եկող աշխարհազորը չկա։ Ո՛չ երանի զորավարին։ Ասում է իր՝ ինչ կուզեն, քո մասին թող մտածեն, միայն թե այդ վիճակում չհայտնվես։ Թող գան թեկուզ վախենալով, միայն թե հաղթենք, կարեւորը հաղթանակն է ։

Ասում էիր՝ դեռ կգա ժամանակը, ու մարդկանց կբացատրես, որ դու գազան չես, որ դու սիրտ ունես, այն էլ ինչպիսի՜ զգայուն սիրտ։ Եկավ մի պահ, երբ բոլորը մի կողմ քաշվեցին ու տասնամյակի մեղքերը լիմոնի պես մզելով՝ բաժակը տվեցին քեզ։

Չէ, այնպես չէր, որ ամբողջի համար պատրաստվում էիր ինքդ պատասխան տալ։ Օրինակ, որքան էլ հրապարակավ հայտարարում էիր, որ Լեւոնը, Վանոն քո ընկերներն են, նույնիսկ օգնեցիր, որ վերջինս ժամանակավորապես հեռանա Հայաստանից, միեւնույն է, մտադիր չէիր կասեցնել սպանությունների բացահայտման ընթացքը, որը դատարանի առջեւ էր կանգնեցնելու քո նախկին ընկերներին։ Արտաքնապես, դրա ջատագովն այն օրերի երկրի նախագահն էր, բայց ո՞վ չգիտեր, որ մեծ ցանկության դեպքում դո՛ւ, միայն դո՛ւ կարող էիր կասեցնել այդ դատավարությունը։ Իզուր էր Վանոն նամակով զգուշացնում քեզ սպառնացող վտանգի մասին՝ ցուցադրելով, որ իբր դուք յուրայիններ եք։ Իրականում դու հասկացել էիր, որ «նոր գինին հին տիկի մեջ պահելն այլեւս անհնար է», որ պետություն չեն կառուցում այդ գործի շահերը ստորադասելով ընկերների շահերին։

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031