Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան բաց տեքստով սադրում է տարածաշրջանի վերջին բռնապետությանը

Հոկտեմբեր 08,2019 23:15

Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երլույթից երկու ամիս անց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը որոշեց իր, ավելի ճիշտ՝ իր պետության կարծիքը հայտնել, ասելով հետեւյալը. «Ինչ վերաբերվում է իրավիճակին գետնի վրա, ես կասեի՝ այն հիմա շատ ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ։ Բայց ահա քաղաքական գործընթացն արգելակված է, եւ առայժմ չի ստացվում այդ արգելակումից դուրս գալ։ Հայտարարություններ են անում կողմերը, բավականին լուրջ, այդ թվում, հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղը՝ Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն է հայտարարել. «Կոսովոն՝ Ալբանիա է»։ Դա, իհարկե, չի օգնում ստեղծել մթնոլորտ քաղաքական գործնթացի վերսկսման համար»։

Պարոն Լավրովը «մտահոգվեց» երկու ամիս անց, իսկ մինչ այդ «մտահոգվում» էին Ղարաբաղյան հարցի վրա «հայ ժողովրդի բարեկամ» դարձած հայտնի ռուսաստանցի «գաստրոլյորները», տեղական «մտահոգվածները», եւ այդ բոլորի մտահոգվելու պատճառը դիսկոմֆորտն է այն մտքից, որ Հայաստանից այլեւս հնարավոր չէ ակնկալել առաջվա անողնաշար կրավորականությունը, որն էլ ոմանց «աշխատատեղ» էր ապահովում, իսկ «մեր ռազմավարական դաշնակցին»՝ առեւտուր Բաքվի հետ մեր շահերի հաշվին։

Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում մեծապես նվիրված էր Հայաստանի, Արցախի եւ համայն հայության ներքի՛ն խնդիրներին, եւ Մոսկվայում դա շատ լավ գիտեն, եւ ասելով, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Փաշինյանն առաջին հերթին նկատի ուներ այն, որ Արցախում եւս պետք են քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ, որոնք Հայաստանում են տեղի ունենում, պետք է քաղաքական սերնդափոխություն։ Եվ Փաշինյանը շատ պարզ բանաձեւ է առաջարկել. ասելով «փոխզիջումային լուծում», մենք հասկանում ենք, որ այն պետք է ընկալելի եւ ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, եւ ակնկալվում է, որ նույն բանը կասի նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը։ Հետագայում Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Բաքվի առավելապաշտական դիրքորոշմանը, որը հարցի լուծման գլխավոր խորընդոտն է, ասաց, որ եթե դա՛ է իրենց դիրքորոշումը, ապա մենք է ասում ենք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, պնդելով միեւնույն ժամանակ, որ իր առաջարկած բանաձեւն ուղղակի այլընտրանք չունի։ Եվ այս ամենը Մոսկվայում շատ լավ լսել են եւ գիտեն։

Եվ ի՞նչ։ Տեղական «մտահոգվածները» քննադատում են, վարչապետի հայտարարությունները կոչում են «հակասական», միանալով ռուս-ադրբեջանական պրոպագանդայի երգչախմբին, մինչդեռ ամեն ինչ ավելի քան հստակ է. Հայաստանը միակողմանի զիջումների, «հող՝ ռուս-ադրբեջանական օդի դիմաց» բանաձեւով գործարքի չի՛ գնալու, որքան էլ պարոն Լավրովը «մտահոգվի» կամ Ալիեւը հոխորտա։

Ընդ որում, Լավրովին որեւէ կերպ չմտահոգեց այն, որ Ալիեւն է հայտարարում՝ «Ղարաբաղն Ադրբեջան է եւ բացականչական նշան»։ Դա՞ է արդյոք խաղաղասիրությունը, դա՞ է բանակցային գործընթացը «հանում արգելակումից»։ Իհարկե ոչ։ Ավելին, Լավրովի այդ երկդիմի եւ լպրծուն հայտարարությունն ազդանշան էր Ալիեւին հերթական անգամ լարվածություն ստեղծելու սահմանին, եւ ակտիվացնելու Հայաստանի իշխանության դեմ պրոպագանդան՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, եւ այսօր մենք հենց դա ենք տեսնում։

Այսօր Երեւանն այլեւս նախկին ստորաքարշ կեցվածքը չի դրսեւորում, եւ «ռազմավարական դաշնակցի» քայլերն այլեւս անքննելի չեն. Հայաստանի ԱԳՆ-ն հանրամատչելի ձեւով բացատրեց պարոն Լավրովին, թե ինչն ինչից հետո է, նույնիսկ բռնացնելով պարզունակ ստի վրա։ Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել էր նաեւ, որ իբր «դիակների փոխանակում» է տեղի ունեցել, մինչդեռ խոսքը գնում է Ադրբեջանի հերթական չհաջողված դիվերսիայի արդյունքում չեզոք գոտում հայտնված հակառակորդի դիակը Կարմիր Խաչի միջնորդությամբ տարհանելու՝ հայկական կողմի միակողմանի թույլտվությանը, որպես մարդասիրական քայլ։

Ավելին, Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիեւը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը շարունակվելու է, կնքված են 5 մլրդ դոլարի պայմանագրեր, մատակարարված է 3 միլիարդի սպառազինություն, այսինքն, ստացվում է, որ սպասենք, որ «մեր դարավոր բարեկամները» եւս երկու միլիարդի զենք մատակարարեն Ալիեւի ռեժիմին։ Իսկ «Ռոսատոմի» տնօրենն էլ Ալիեւին առաջարկություն է բարձրաձայնում. կառուցել ատոմակայան։

Իհարկե, ոչինչ էլ չի փոխվել, պարզ է, որ տարածաշրջանում ռուսական կայսերապաշտության վերջին հանգրվանը մնում է վերջին բռնապետությունը, որը հենված է քարանձավային նախապաշարումներով առաջնորդվող հիվանդ հասարակության վրա, որի թիրախում հենց հայությունն է։ Եվ այստեղ «մեր դարավոր բարեկամները» մեզ ամենեւին էլ բարեկամ չեն եղել, չեն եւ չեն լինելու։

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը եղել եւ մնում է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը, եւ պարզ է, որ ռուսները որեւէ բարդույթ չունեն եղած հաշվեկշիռը խախտելու հարցում։

Հասկանալի է, որ այն ամենն, ինչ անում է Ալիեւը, չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ, այլ ենթարկվում է պատերազմական ռեւանշին հասնելու տրամաբանությանը, եւ որ հռետորաբանությունը կամ մասնակցությունը բանակցություններին՝ զուտ ծխածածկույթ է կամ գործիք՝ մեղքը հայերի վրա բարդելու համար։ Ալիեւը սպասում է հարմար պահի. կա՛մ որ Արեւմուտքը կրիտիկապես թուլանա տարածաշրջանում եւ ռուսների հետ գործարք հաջողացնի, կա՛մ ԱՄՆ-ը եւ Իրանը ճակատագրական սխալ գործեն եւ մեծ պատերազմ հրահրվի, որը նույնպես՝ կրիտիկապես կթուլացնի Արեւմուտքին եւ անհամաչափ կուժեղացնի ռուսական գործոնը, որն էլ թույլ կտա Ալիեւին պատերազմ հրահրել նաեւ Արցախի ուղղությամբ։

Ըստ այդմ, հայկական դիվանագիտությանն անհրաժեշտ է այդ ռիսկերը չեզոքացնելու տրամաբանության մեջ գործել եւ որոշակիորեն փոխել շեշտադրումները եւ հասնել Վիեննայի օրակարգի վերադարձին բանակցությունների սեղանին, կենտրոնանալ Ռոյսի-Էնգելի առաջարկների փաթեթի իրականացման վրա, միջազգային ճնշում ուղղորդել տարածաշրջանի վերջին բռնապետության դեմ, բացահայտել ռուսական ինտրիգները եւ բացահայտորեն հայտարարել, որ խաղաղությունը հնարավոր է, երբ ջանքեր կգործադրվեն այդ վերջին բռնապետության կազմաքանդման, Արցախի՝ միջազգայնորեն ճանաչված սեցեսիային եւ ներկայիս շփման գիծը միջազգային մշտադիտարկման տակ դնելու ուղղությամբ։

Խաղաղությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում վճռական պաշտպանության կարիք ունեն, պաշտպանության՝ Մելիք Շահնազարի բարդույթներով տառապող ներքին ինտրիգաններից, «ռազմավարական դաշնակից» խառնակիչներից եւ խաբեբաներից, եւ միջնադարում լռված վայրենիներից։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031