Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Ասատրյանը: Այս մասին հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Տեղեկատվության համաձայն՝ Ասատրյանը զբաղվելու է Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միջև կապերի ամրապնդմամբ:
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Գեորգի Ասատրյանին ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու որոշում կայացվել է հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի Երևան այցից հետո: Ասատրյանը իր պարտականությունները կատարելու է կամավորական հիմունքներով: «Կոմերսանտ»-ին չի հաջողվել կապ հաստատել Ասատրյանի հետ և մեկնաբանություն ստանալ:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ չնայած սահմանափակ լիազորությունների, մեծ ազդեցություն ունի արտաքին քաղաքականության մեջ, գրում է պարբերականը:
Գեորգի Ասատրյանը պատմական գիտությունների թեկնածու է, Աֆղանստանի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործունեության հարցերով մասնագետ: Պարբերականի փոխանցմամբ՝ նա մատուցում է նաև խորհրդատվական ծառայություններ: Ասատրյանի ծառայություններից օգտվում են միջազգային բիզնեսի ներկայացուցիչներ կառավարական կառույցներ, այդ թվում՝ ՌԴ Անվտանգության խորհուրդը, ինչպես նաև Մոսկվայում գտնվող արտասահմանյան երկրների դեսպանությունները:
Կարդացեք նաև
168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե արդյո՞ք Գեորգի Ասատրյանը երկքաղաքացի է, ինչպես նաև՝ արդյոք այս նշանակումը ենթադրո՞ւմ է, որ անհրաժեշտություն կա նախագահների միջոցով նոր որակ հաղորդելու հայ-ռուսական հարաբերություններին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են. «Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ. Գեորգի Ասատրյանը հայտնի վերլուծաբան է՝ մասնագիտացած Կենտրոնական Ասիայի և հարավկովկասյան տարածաշրջանի հարցերում: Ինչ վերաբերում է նրա նշանակման մասին ռուսաստանյան մամուլի «վերլուծությանը», այն թերթի մեկնաբանությունն է և չի համապատասխանում իրականությանը: Գեորգի Ասատրյանը չի նշանակվել Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական կամ հասարակական հիմունքներով գլխավոր խորհրդական:
Նա նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ իր մասնագիտական հարցերով, հասարակական հիմունքներով, որը չի հանդիսանում պետական պաշտոն, չի ենթադրում որևէ վարձատրություն, ինչպես նաև՝ նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ճիշտ կլիներ, որ գլխավոր խորհրդականը սափրվեր. Ռուսաստանում դեմքի մազածածկույթի դեմ կռիվը սկսվել է դեռև Պյոտր 1-ի ժամանակներից: