Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը զբաղվել է Երևանի կենտրոնից վտարված բնակիչների գործերով, կարծում է, որ խորհրդարանական լսումներից հետո պետք է գնահատական տրվի քաղաքացիների գույքը հարկադրաբար վերցնելու գործընթացին։
«Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Տեղի են ունեցել մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ։ Ըստ էության՝ դա եղել է պետության կողմից կազմակերպված հանցագործություն սեփական քաղաքացիների դեմ, այսինքն՝ զանգվածաբար ունեզրկել են քաղաքացիներին պետության գերակա շահի պատրվակով»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։ Ըստ փաստաբանի՝ նախ պետք է գնահատական տրվի տեղի ունեցածին, պետք է օրենսդրական նախաձեռնությունների միջոցով քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու համար իրավական մեխանիզմներ ներդրվեն։ Փաստաբանը կարծում է, որ դա պետք է վերաբերի բոլորին, ոչ թե միայն նրանց, որոնք ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել են ՄԻԵԴ։
«Մենք գիտենք, որ շատ քիչ են ՄԻԵԴ դիմած քաղաքացիները, բայց պաշտպանություն և խախտված իրավունքները վերականգնելու հնարավորություն պետք է տրամադրվի այն քաղաքացիներին, ովքեր ՄԻԵԴ չեն հասել։ Պետք է նաև իրավապահ մարմինները քննություն անցկացնեն և քննարկեն այդ պրոցեսում ներգրավված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Կարծում եմ՝ միայն այդ ճանապարհով գնալու դեպքում կարող ենք խոսել հնարավոր իրավական հետևանքների մասին։ Պետք է տրվի իրավա-քաղաքական գնահատական, այդ գնահատականը պետք է տրվի ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմին ընդհանուր գնահատականի համատեքստում, քանի որ այդ ապօրինությունները գործել են այդ ռեժիմի շահերը սպասարկելու նպատակով։ Իսկ մարդու իրավունքների զանգվածային խախտումները կարող են քննվել անցումային արդարադատության տրամաբանությամբ և անցումային արդարադատության գործիքակազմով»,- արձագանքեց Մուշեղ Շուշանյանը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Երկար-բարակ խոսել պետք չէ՝Հյուսիսային պողոտան քադում եք,քարը,արմատուրան,,այլ շինանյութերը տալիս եք նախկին սեփականատերերին իրենց տները,գույքը վերականգնելու…:Եթե հրապարակի հետ էլ նույնը վարվեք,երեսունականներին իրենց գույքը կորցրածներին էլ մեծ լավություն արած կլինեք….