Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության մշակույթի հետեւանքը

Հոկտեմբեր 08,2019 10:00

Շաբաթ օրը «Հայելի» ակումբի մուտքի մոտ կատարվածը իշխանության կողմնակիցների մի մասը հրաժարվում է բնութագրել իբրեւ «հարձակում»: Ըստ նրանց, լրատվամիջոցի մուտքը պաշարելը, ձվեր շպրտելը եւ լրատվամիջոցի փակումը պահանջելը հարձակում չէ՝ դա հայրենասեր երիտասարդների ակցիա է: Ըստ իս, հարձակումը պարտադիր չէ, որ պետք է ենթադրի մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելը կամ գույք փչացնելը, հարձակումը կարող է լինել նաեւ, ասենք, խոսքի մակարդակով: Բայց ճշգրիտ իրավական ձեւակերպումները թողնենք իրավաբաններին: Թող լինի «ակցիա», բառերն այս պարագայում կարեւոր չեն: Որպես լրագրողի ինձ այլ բան է հետաքրքրում:

«Հայելու» աշխատակիցները եւ ընդդիմադիրներից ոմանք պնդում են, որ այդ «ակցիան» կազմակերպել է իշխանությունը կամ անգամ անձամբ վարչապետը: Չեմ կարծում, որ դա այդպես է: Բայց որ նման տհաճ, տգեղ, խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված «ակցիան» այսօր չի արժանանում հասարակության մեծ մասի մերժողական վերաբերմունքին, դրանում, անշուշտ, կա առաջին հերթին ներկայիս իշխանության մեղքը: Ինչպես եւ ներկա ընդդիմության: Ինչպես եւ բոլոր նախկին իշխանությունների եւ բոլոր նախկին ընդդիմությունների: Մեր բոլորիս:

28 տարվա ընթացքում հասարակությունը դաստիարակվել է հենց այս՝ ագրեսիվ անհանդուրժողականության ոգով: Դեռեւս 90-ականների սկզբից քաղաքական հակառակորդներին կամ պարզապես «չհավանած» անձանց հասցեին ընդունված է անվանել «թուրք», «թշնամի», «դավաճան»: Բնականաբար, ընդդիմությունը եւ նրա տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներն առավել հարձակողական ոճ էին ընտրում, իսկ իշխանությունը, տարեց-տարի ավելի «կերած-խմած» դառնալով, պասիվորեն դիմադրում էր քարոզչության մեջ, իսկ վարչական մակարդակով ամեն ինչ անում էր ընդդիմադիր լրատվամիջոցները լռեցնելու համար:

«Առավոտը», փորձելով չխառնվել քաղաքական այս անզիջում պայքարին եւ չսպասարկելով որեւէ քաղաքական թիմի շահերը, մշտապես պաշտպանում էր ընդդիմադիր լրատվամիջոցներին նման ոտնձգություններից՝ անկախ նրանից, մեզ դուր են գալիս դրանց ծայրահեղական դրսեւորումները, թե ոչ: Հիմա էլ նույնն ենք անում «Հայելու» դեպքում:

Արձանագրենք նաեւ, որ Ֆեյսբուքի եւ հարյուրավոր «սունկ» կայքերի հայտնվելը հրապարակային խոսքը դարձրին ավելի անպատասխանատու, ավելի ագրեսիվ ու ծայրահեղական:

Այնուամենայնիվ, ես իմ պատասխանատվությունը նույնպես զգում եմ, որովհետեւ առնվազն 25 տարի ես համոզում եմ մարդկանց լինել զուսպ, հանդուրժող, ներողամիտ, բարյացակամ, լայնախոհ, բայց իմ այդ ձգտումը սովորաբար հանդիպում է պատի: Իսկ պատը կազմված է «բա որ նրանք…» ոճի «երկաթյա» փաստարկներից: Այդ տրամաբանությամբ՝ քանի որ «նրանք» այսինչ եւ այնինչ բանն են արել, ուրեմն «նրանց» պետք է ոչնչացնել, եթե ոչ ֆիզիկապես, ապա բարոյապես: Ինչը եւ արվում է՝ սոցցանցերն ու կայքերը պարզապես շնչում են ատելությամբ, եւ այդ ատելությունը փոխանցվում է երիտասարդ սերնդին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Ձուկը գլխից է հոտում…»

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031