Այսօր «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոտ 3 ժամ քննարկումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրեց, որ հատուկ օրակարգ չի եղել, պարզապես հարցուպատասխանի միջոցով քննարկել են տարաբնույթ հարցեր՝ ներքաղաքական, ԵԱՏՄ համաժողովի, ոստիկանական համակարգում հնարավոր բարեփոխումների հարցերը:
Թե ոստիկանական համակարգում ինչ փոփոխություններ են ուզում իրականացնել՝ Մակունցն ասաց, որ խոսքն ընդհանուր համակարգի բարեփոխումների մասին է, արդարադատության նախարարությունում էլ է դա քննարկվում. «Ոչ միայն նախարարությունը պետք է աշխատի, այլ նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը պետք է իր դերակատարումն ունենա»: Թե կոնկրետ ի՞նչն են փոխելու ոստիկանությունում, տիկին Մակունցն ասաց, որ առարկայական չեն քննարկեն, խոսել են այն մասին, թե ինչպիսին են ուզում տեսնել ոստիկանությունը, ինչպիսի համակարգ են ուզում ունենալ, հետո կանցնեն որոշակի քայլերի:
Լրագրողների զարմանքին՝ բա այսքան ժամ ի՞նչ էիք քննարկում, Մակունցը պատասխանեց, որ երկար ժամանակ չէին խոսել, թեմաներ կային. «Խոսել ենք նաեւ Ամուլսարի հետ կապված, որեւէ նոր բան չի ասվել, վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում ենք ընթանալ»: Հարցին՝ այսինքն, պիտի հա՞նք դառնա՝ նա պատասխանեց. «Նման բան չի ասվել: Չկա հանք ունենալ կամ չունենալու խնդիր, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել այն ճանապարհին, որը ճիշտն է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետը գո՞հ էր «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից՝ Մակունցը պատասխանեց. «Կարծես այո»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ