«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն, ԱՆ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հերյուրանք է համարում Կոտայքի մարզի բնակչուհի, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի հայտարարությունը, թե սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացած իր նորածնի դին չի տեսել:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածին մահացել էր հենց ծննդատանը: Ծննդկանը լրատվամիջոցներին հայտնել էր՝ իր երեխայի դին չի տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։
«Նման հայտարարություն անողը պախարակվում է ամբողջ Հայաստանով մեկ: Այդ կինը շատ բան է ասում, քննչական կոմիտեն էլ գիտի, ամեն ինչն էլ գիտի, թե ինչ է եղել, ինչպես է եղել, հիմա քննչական գործընթաց է գնում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, երբ պարզ կլինի փորձաքննության արդյունքը, նոր հայտնի կլինի՝ ինչից է մահացել նորածինը եւ կա արդյոք բժշկական սխալ, թե՝ ոչ: Նորածնի դին հերձվել է Հայաստանի կառավարության համապատասխան որոշման եւ առողջապահության նախարարության նորմատիվ ակտերի համապատասխան »,- Aravot.am-ին ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին: Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ և երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նախարարը Հայկուհու հետ զրույցում հայտնել է՝ հետևողական է լինելու թե՛ բուժման, և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ