Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիան» Արփա գետից ջրօգտագործման թույլտվության հայտը փոխել է, առաջարկում է Դարբ գետից ջուր վերցնել

Հոկտեմբեր 07,2019 20:03

Ինչպե՞ս է ընկերության ՇՄԱԳ-ը հաստատվել, եթե ջրօգտագործման թույլտվություն չի եղել 

«Լիդիան Արմենիա»-ն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության հայտ է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն: Այսօր գործակալությունում «Լիդիան Արմենիա»-ի նախագծի նախնական տարբերակի հետ են ծանոթացել բնապահպանները:

Վաղը նախագծի քննարկումն է լինելու:

Aravot.am-ի հետ զրույցում «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանն, որն այսօր մի քանի այլ բնապահպանների հետ եղել է գործակալությունում՝ ծանոթանալու հայտին, ասաց, որ «Լիդիան Արմենիա»-ն նախկինում ջրօգտագործման թույլտվության համար դիմել էր եւ մերժվել.«Որովհետեւ առաջարկել էին Արփա գետից ջուր վերցնել, սակայն մերժում էին ստացել, նրանց պատասխանել էին, որ Արփայի տարածքից չենք կարող այդքան ջուր տալ, չունեն լրացուցիչ ջուր այդ հատվածում»: Գալստյանի ներկայացմամբ՝ այժմ «Լիդիան Արմենա»-ն առաջարկում է Դարբ գետից ջուր վերցնել, սակայն, սա ընկերության 2-րդ հայտն է նույն գետից ջրօգտագործման թույլտվության: Գալստյանն ասաց, որ առաջին անգամ, երբ ընկերությունը դիմել էր, սխալ էր հաշվարկել էկոլոգիական թողքը: Հիմա սա շտկել է եւ նոր հայտ է ներկայացրել: Այսօր գործակալությունում ներկայացվել է վերջնական հայտը՝ ուղեկից մոտ 80 էջանոց փաստաթղթերով:

«Իրենք ուզում են Դարբ գետից ջուր վերցնեն՝ հանքարդյունաբերության, ցիանիդային հարթակի կուլտալվացման համար: Մենք հարց ուղղեցինք՝ մինչեւ հիմա որ գործունեություն էին ծավալում՝ 2016-2018 թվականները, որտեղի՞ց էին ջուր վերցնում:  Գործակալության ներկայացուցիչն ասաց, որ չգիտի: Այս հարցը մնաց բաց: Մենք շատ հարցեր ունենք, առաջիկայում անդրադառնանք»:

Մեր հարցին՝ եթե ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ը հաստատվել էր, ինչպե՞ս է հնարավոր, որ առանց Դարբից ջրօգտագործման թույլտվության է եղել, արդյոք ՇՄԱԳ-ում սա ներառված չպետք է լիներ, Գալստյանը պատասխանեց.«Մենք հարցրեցինք՝ իսկ մինչեւ հիմա որտեղից են ջուր վերցրել, ասացին՝ դա մեր իրավասությունը չէ: Որքան հիշում եմ՝ տեսչական մարմինը պարզել էր, որ «Լիդիան»-ն առանց թույլտվության է ջուր վերցրել, կարծեմ՝ գյուղապետն էր տվել, վարչական վարույթ էր սկսվել, որի վերջը չիմացանք ինչով ավարտվեց: Իրենց նախագծում, որքան գիտեմ, Դարբ գետից ջուր վերցնելը չկա: Բայց, եթե հանք տանող ճանապարհները փակ չլինեին, ընկերությունը հիմա պետք է սկսած լիներ հանքի շահագործումը, եթե ջրօգտագործման թույլտվություն չունեին, որտեղի՞ց էին ջուրը վերցնելու: Փաստական տվյալներ չունենք, պետք է հարցում անենք՝ պարզելու այդ ամենը»:

Գալստյանի դիտարկմամբ՝ ընկերության նախագծում գրված է, որ Արփայից պետք է ջուր վերցնեն, իսկ հիմա կարելի՞ է նախագծին չհամապատասխանող թույլտվություն տալ՝ այսինքն՝ Դարբ գետից վերցնել.«Այսինքն՝ կարելի՞ է նախագծով Արփա գետից ջուր վերցնելու դրույթը հետո փոխել, առաջարկել Դարբից վերցնել: Մեր կարծիքով՝ սա խախտում է: Այս հարցի պատասխանը գործակալությունում չունեին»:

Լեւոն Գալստյանն ասաց, որ ծավալուն փաստաթղթերին պետք է ծանոթանան, վաղը գործակալությունում քննարկման ժամանակ ներկայացնեն մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031