Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործություն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2007-ից 2012 թվականներին Նոյեմբերյան քաղաքի մարզահամալիրի վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն իրականացրել են համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Դրանց շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2007-ից 2012 թվականներին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Նոյեմբերյանի մարզահամալիրի երկու փուլով կատարված վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում կապալառու կազմակերպության կողմից սահմանված կարգով չեն իրականացվել մարզադաշտի նախագծով սահմանված բազալտե խճի և ավազե ենթաշերտերը, ինչպես և դրանից բխող կատարողական ակտով սահմանված այլ շինարարական աշխատանքներ։
Կարդացեք նաև
Արդյունքում կապալառու կազմակերպության կողմից յուրացման միջոցով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ չորս միլիոն դրամ, որի վերջնական չափերը կպարզվեն շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննությամբ։
Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
ՀՀ ոստիկանություն