Կարինում (թուրքական անվանումը՝ Էրզրում-Ակունքի խմբ․) 1790 թ․ մեր օրեր հասած հայկական Սուրբ Մինաս եկեղեցին ենթարկվում է գանձագողերի ավերածություններին։ Գանձ որոնողները չեն սահմանափակվել եկեղեցու պատերը պեղելով, փորել են նաև 2500 տարվա հնություն և 600 մ բարձրություն ունեցող Քարթալ բերդը։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հղում անելով թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությանը։
Աղբյուրի համաձայն՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Էրզրում նահանգի Ազիզիյե գավառում 1790 թ․ հայերի կողմից կառուցված Սուրբ Մինաս եկեղեցում չփորված տեղ չի մնացել։ Աղբյուրը փոխանցում է նաև, թե Ազիզիյեի տեղական իշխանություններն իբրև թե նախաձեռնել են վերանորոգել եկեղեցին, սակայն պարզվել է, թե այն պատկանում է մի գերմանաբնակ հայի։
Ինչպես նշվում է աղբյուրում, եկեղեցում որևէ գանձի չհանդիպած գանձագողերը սկսել են փորել նաև Յաքութիյե գավառի Գյունգյորմեզ թաղամասում դեռևս երկաթե դարից մնացած շուրջ 3 հազարամյա հնությամբ Քարթալ բերդը՝ հանդիպելով տեղի բնակիչների վրդովմունքին։
Սույն բերդում ուսումնասիրություններ կատարած Էրզրումի թանգարանի տնօրեն Հյուսնյու Գենչը հայտնել, թե գանձ որոնողները մեծ վնաս են հասցնում մշակութային հարստություններին, և որ դրանք պահպանելու նպատակով իրենք նախագիծ են սկսել իրականացնել ժանդարմերիայի հետ։ Նա նաև նշել է, թե հարկ է արդյունավետ պայքար մղել գանձագողության դեմ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ Ermenihaber.am-ի՝ Սուրբ Մինաս եկեղեցու սեփականատեր Սաբրի Էրգինը տարիներ առաջ հայտնել էր, որ եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել իր մոր համար, որն ամեն ջանք գործադրել էր եկեղեցու պահպանության համար: Խոսելով մոր երազանքի մասին՝ Էրգինն ասել էր. «Մայրս ցանկանում էր, որ այն ծառայի ժողովրդին՝ որպես մշակութային կենտրոն կամ գրադարան, ու դառնա հայ և թուրք ժողովուրդների խաղաղության խորհրդանիշը»:
https://www.iha.com.tr/haber-defineciler-2500-rakimdaki-kaleyi-bile-kazdilar-805002/
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net