«Հենց այս սրահում երկու շաբաթ առաջ զգում էի, որ ճնշումների, հալածանքների հերթը հասել է մամուլին, դա պատահական բան չէր, այլ վերջին մեկ տարվա ընթացքում կուտակումներն էին»,-«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, անդրադառնալով «Հայելիի» նկատմամբ հարձակմանը, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց:
Նա չբացառեց, որ այս ամենը կարող է շարունակություն ունենալ, և այդ ուխտը կարող է չոքել յուրաքանչյուրիս դռանը:
Միևնույն ժամանակ Հակոբ Ավետիքյանն ասաց, որ չպետք է խնդիրը կուսակցականացնել ու ասաց. «Մամուլի հարցերով բոլորը և՛ իշխանամետ, և՛ չեզոք, և՛ ընդդիմադիր, բոլորն էլ մեզ համար կարևոր են: Դա այն չափանիշն է, որով չափվում է որևէ երկրի ժողովրդավարության ոչ միայն մակարդակը, այլև գոյությունը»:
Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ անհրաժեշտ է, որ ԱԺ-ն այսօր իսկ հանդես գա հայտարարությամբ. «Եթե իրոք նա հարազատ է մնում այս երկրի գլխավոր օրենքին, որը ժողովրդավարությունն է, ԱԺ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ: Որևէ մեկին չենք կարող խաբել այլևս, եթե ժողովրդավարական մոդելի մասին ենք խոսում, հոխորտում, բայց չունենք ազատ մամուլ: Ոչ մեկին դա պետք չէ, եթե չունենք ազատ մամուլ: Հենց ԱԺ-ն պետք է հանդես գա խիստ արտահայտությամբ՝ պաշտպանելով ժողովրդավարությունը և ազատ մամուլը մեր երկրում: Միայն այդ պարագայում մենք կունենանք համապատասխան իշխանության մակարդակով անմիջական ազդեցություն գործելու, պատժելու, բայց սա պատիժով չի վերջանա, եթե չլինի իշխանության և ԱԺ-ի կտրուկ, հստակ արտահայտությունը, որ ինքը կառչած է մնում ժողովրդավարությանը և հետևաբար նրա ամենակարևոր ատրիբուտներից հենց ազատ մամուլին»:
Կարդացեք նաև
Հակոբ Ավետիքյանը մտահոգություն հայտնեց, թե վերադառնում ենք 1990-ականներին, երբ մամուլի նկատմամբ ճնշումներ էին. «Առաջին տասնամյակը դրանք ճնշումների տարիներն էին՝ հատկապես 1993-1996-ը: Այս շրջանում մենք ունենք ծեծեր. բոլոր հին լրագրողներն այսպես թե այնպես ծեծ են կերել, տպարաններն են քանդել: Մի՞թե մենք վերադարձնում ենք այս երկիրն այդ օրերին, ես կոչել եմ դա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Այդքան հե՞տ պիտի գնանք, ինչի՞ համար էր այս ողջ պայքարը, ժողովրդավարության պոռթկումները: Ոչ ոքի իրավունք չի տրված ազատ կարծիքի դեմ դուրս գալու և ճնշելու այն: Այնպես որ ես կրկնում եմ՝ իմ կոչն ուղղված է ԱԺ-ին, այնտեղ հավանաբար մարդիկ կան, որոնք լավ հասկանում են՝ այս անգամ չպետք է կուսակցականացված անձնիշխանական թելադրանքի տակ մնան, այլ վեր բարձրանան, եթե մտահոգ են մեր երկրի համբավի, հեղինակության և մնացած արժեքների համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ