Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյան. «Եթե ԲՀԿ խմբակցությունը Հրայր Թովմասյանի գործողություններում նկատի կարգապահական որեւէ խախտում, ինքը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա»

Հոկտեմբեր 07,2019 16:03

Լրագրողի հարցերին՝ երբ հասկացաք, որ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթը իրավական թերություն ունի, կամ ինչպես դուք եք ձեւակերպում, խոցելի է, արդյոք ԲՀԿ-ն հանդես է եկել առաջարկություններով՝ փաստաթուղթը էլ ավելի հիմնավոր դարձնելու համար, քննարկում եղե՞լ է «Իմ քայլի» հետ, թեկուզ պետաիրավական հանձնաժողովի նիստից հետո, դուք ձեր առաջարկությունները ներկայացրե՞լ եք, որպեսզի հիմնավորվի եւ 2017 թվականի ձեր արտահայտած դիրքորոշումը տեղ գտնի նաեւ ուրբաթ օրվա քվեարկությունում, ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Մենք շփումների եւ քննարկումների առումով բաց ենք եղել: Նիստերի դահլիճում, քննարկումների ժամանակ էլ ասացինք, որ եթե առաջին քաղաքական ուժ «Իմ քայլը» դաշինքի, համար այդքան սկզբունքային էր, որ խորհրդարանում լինի կոնսենսուս, կարելի էր նախօրոք քննարկումներ կազմակերպել, որպեսզի մենք ընդհանուր ձեւով կարողանայինք հայտարարի գալ եւ գործողություն իրականացնել: Սա խորհրդարան է եւ կարծում եմ՝ նորմալ է, երբ խորհրդարանում տարբեր կարծիքներ կան եւ հաճախակի նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչների կամ խմբակցության մոտեցումները, դիրքորոշումը չի համընկնում իշխող քաղաքական ուժի կարծիքի հետ: Կարող են դրա հետ կապված հնչել կարծիքներ, քաղաքական գնահատականներ, բայց չի կարող ինչ-որ մի քաղաքական ուժի կողմից դա որպես պարտադրանք լինել կամ այլ կերպ մեկնաբանվել»:

Իսկ Իվետա Տոնոյանը, անդրադառնալով փաստաթղթի խոցելիությանը, ասաց. «Երբ մենք խոսում ենք իրավական առումով այդ փաստաթղթի խոցելի լինելու մասին, մի շատ կարեւոր հանգամանք պիտի իմանանք: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, խմբակցությունները, խորհրդարանը Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախաձեռնությամբ կարող է դիմել կարգապահական խախտումը արձանագրելուց, ֆիքսելուց հետո երկշաբաթյա ժամանակահատվածում: Եթե մենք հունիսի 21- ը վերցնում ենք, արդեն բոլոր տեսակի ժամկետները անցած են եւ այս դեպքում բովանդակային քննարկման մասին խոսելը առավել քան ժամանակավրեպ է:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հրայր Թովմասյանին, մենք առիթ ունեցել ենք ասելու ու եւս մեկ անգամ արձանագրենք. եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հրայր Թովմասյանի գործողությունների հետ կապված նկատի կարգապահական որեւէ խախտում, մենք որեւէ կերպ կաշկանդված կամ սահմանափակված չենք ինքներս նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031