Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ անում է Անժելա Թովմասյանը, լավ է անում, քանի որ դա լրագրողի, խմբագրի իրավունքն է». Արմինե Օհանյան

Հոկտեմբեր 07,2019 15:51

 «Գնալով իմ լավատեսությունը նվազում է, քանի որ, երբ ես հետևում եմ՝ հիմա ինչ դիսկուրս է գնում մեր հասարակության մեջ, երբեմն սկսում եմ կասկածել, որ մենք հինգ հազարամյա մշակույթ ունեցող ժողովուրդ ենք»,-խոսելով «Հայելիի» վրա հարձակման մասին՝ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Ըստ նրա՝ մեր հասարակությանը պատիվ չի բերում այն, երբ քննարկում են՝ լա՞վ է արդյոք բռնությունը, թե՞ վատ, կանանց նկատմամբ պե՞տք է բռնություն կիրառել, մամուլը մեզ պե՞տք է, կարելի՞ է իշխանություններին քննադատել, թե՞ ոչ:

Ըստ Արմինե Օհանյանի՝ մենք գլորվել ենք դեպի խորը միջնադար, որտեղ նման հարցերի շուրջ կարելի էր քննարկում անել, ու ցավալին այն է, որ նույնիսկ պատգամավորները, իրենց մտավորական կոչող մարդիկ կարող են ողջունել այդ ամենը: Նա հիշեցրեց, երբ հարձակում էր տեղի ունեցել «Շառլի Էբդո» հանդեսի վրա, ամբողջ Եվրոպան քննադատում էր, ոչ թե նայում էին, թե ինչ է գրում այդ հանդեսը, իսկ մեզանում զոհի մեջ են պատճառը փնտրում, թե ինչ վերնագիր է դրել «Հայելին», ինչ է գրել և այլն:

Արմինե Օհանյանը հայտարարեց. «Ինչ անում է Անժելա Թովմասյանը, լավ է անում, քանի որ դա լրագրողի, խմբագրի իրավունքն է: Խմբագիրն է որոշում՝ ինչ վերնագիր դնի, ինչպես լուսաբանի տվյալ թեման: Դրան հակադրվելու բազում քաղաքակիրթ ճանապարհներ կան՝ հերքում, դիմել դատարան, կամ պարզապես այդ լրատվամիջոց չկարդալը»:

Այս առիթով Արմինե Օհանյանն ասաց. «Համեմատեք, տեսեք՝ hayeli.am են ավելի շատ կարդո՞ւմ, թե՞ իշխանական լրատվամիջոցներ: «Հրապարակի» այցելությունների թիվը մեկ տարում մոտ երեք անգամ աճել է: Չի կարող որևէ պաշտոնյա կարծիք հայտնել, և նրա կարծիքը դառնա վերջին ճշմարտությունը: Հասարակությունն ինքը պետք է որոշի՝ ինչ կարդա, ինչ անի, ինչպիսի որակումներ տա: Ես հույս չունեմ, որ մենք հիմա կոչ անենք իշխանություններին ուղղված, և դա տեղ կհասնի: Եթե նման հարձակում լիներ ՀԺ-ի խմբագրության վրա, հիմա ամբողջ ոստիկանական կարդոն կլիներ կանգնած, դատախազությունը գործ կհարուցեր, այդ մարդիկ վաղուց կալանավորված կլինեին, դատական գործընթացն արագ ընթացք կունենար: Սա բումերանգ է. եթե ոչ այսօր, վաղը, մյուս օրը նույն ՀԺ-ի, իշխանական պատգամավորների քաղաքական կուսակցության դռանը այս ուխտը չոքելու է:

Իմ հույսը ավելի շատ կապում եմ հասարակության առողջ հատվածի հետ. մտավորականները պետք է իրենց ձայնը բարձրացնեն ու ասեն, որ պիտի ունենանք մամուլ, մեզ մոտ պետք է հանգիստ բոլորը քննադատեն իշխանություններին՝ չվախենալով, որ վաղը ձվեր են նետելու իրենց վրա»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031