Ինչպես հայտնի է, ՌԴ դեսպանատանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
Այսօր Քոչարյանի գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի որդին՝ Լեւոնը հարցին, թե ի՞նչ են խոսել նրանք, արդյոք Քոչարյանի թեման քննարկվե՞լ է՝ պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել:
Խոսելով դատավոր Աննա Դանիբեկյանին առնչվող միջադեպի մասին՝ Լեւոն Քոչարյանն ասաց, որ խտրական վերաբերմունք են դրսեւորել. «Երբ որ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին պետք է որոշում ընդուներ, երկրի առաջին երկու դեմքերը որակեցին ՍԴ որոշումը ապօրինի, այն որոշումը, որի հիման վրա ինքը պետք է որոշում կայացներ: Հաջորդ օրը Աննա Դանիբեկյանն անտեսեց ՍԴ որոշումը: Շատ է խոսվել դատարան փակելու մասին, նույն այս շենքում դատավորին հրել են: Եթե լայվով մոտենում են, ի՞նչ հետապնդելու մասին է խոսքը՝ առանց վիրավորանքի: Ձեզ ինչքան է լինում, որ խնդրում ենք չնկարեք, մեկ է, էլի նկարում եք, հիմա իրենք քաղաքական ակցիա են անում: Նմանօրինակ դեպքեր դատավորների հետ ասեմ՝ Դավիթ Բալայանին հրեցին-գցեցին: Ո՞տքը սղաց ընկավ, իսկ մինչեւ էդ պատուհանից որ բան են անում, դա չե՞ք նկատում: Որ փակել էին դուռը, որտեղի՞ց մուտք գործեր: Դատախազությունն այդ ամեն ինչով մերժում է գործ հարուցի ու այս դեպքում մասկի շոուներով գիշերը 3:30 էդ երեխեքին գնում են տներից հանում են, բերում են, ինչի՞ մասին է խոսքը»:
Նա ասաց, որ կարելի է ուրիշ հարթության մեջ քննարկել՝ կին դատավոր է եւ այլն. «Այս ամեն ինչը ցույց է տալիս այս երկրում երկակի ստանդարտը: ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված դեպքը նայեք: Ինչ-որ մարդկանց դուր է գալիս երկակի ստանդարտը. երբ որ Քոչարյանի հետ կապված է՝ կարելի է բռնել քառատել, եսիմ ինչեր անել, իսկ երբ դա անում է երկրի ղեկավարը, մյուսները, պաշտոնյաներ, իրենց հարող ուժեր՝ դա չի կարելի: Սրանով ցույց են տալիս, որ սիրելի դատավորներ, երբ անում եք մեր ուզածով, մեր անվերապահ աջակցությունն է լինում»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այնքան պարզ է ամեն ինչ. «Սաղս հասկանում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ