Ռուսական Ռոսիա 1 հեռուստաալիքը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում անդրադարձել է հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին:
«Նմանատիպ գագաթնաժողովներում հաճախ չես տեսնի, որ վեց երկրների ղեկավարներ երթևեկեն միկրոավտոբուսով, որը հատուկ զրահապատ պաշտպանիչ դուռ ունի… Նախագահ Դոդոնը (Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն-խմբ.) հետաքրքրությամբ զննում է միկրոավտոբուսը…վարչապետ Փաշինյանը ընդհանուր սելֆի է արել»,-ասվում է ռեպորտաժում:
Լրագրողը նշում է, որ անվտանգության արտառոց միջոցներ չեն ձեռնարկվել, լրագրողների հավատարմագրումը ևս բարդ գործընթաց չի եղել, նրանց թիվն այնքան շատ է եղել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ մի քանիսին խնդրել է մի կողմ քաշվել՝ իր տեղին հասնելու համար:
«Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, ինչը հստակ պատասխան է այն հարցին, թե ուր է շարժվում երկիրը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք… Զրույց գագաթնաժողովի ժամանակ, առանձին երկկողմանի հանդիպում ուշ երեկոյան, թվում էր, թե այդ հանդիպումից հետո հրաժեշտ են տվել, բայց կեսգիշերին արդեն օդանավակայանում Պուտինը և Փաշինյանը կրկին երկուսով են: Վարչապետը եկել էր, որպեսզի ևս մեկ անգամ զրուցի Պուտինի հետ: Մեր տեղեկություններով՝ առաջնորդները այստեղ հայկական կոնյակ են փորձել»,-ասվում է ռեպորտաժում:
Կարդացեք նաև
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հաղորդման մեջ նաև նշել է, որ նախքան օդանավակայան գնալը Պուտինը հանդիպել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը` Բելլա Քոչարյանին, ինչը Սոլովյովի կարծիքով պատահական չէ:
«Այսպիսով՝ Պուտինը ցույց է տվել, որ նախկինի պես մեծ հարգանք է տածում Քոչարյանի անձի հանդեպ, և նրա վերաբերմունքը դատական գործընթացի հանդեպ անփոփոխ է մնացել»,- ասել է նա:
Սոլովյովը և նրա գործընկերը նաև փաստել են, որ ռուսական լրատվամիջոցներն այս մասին չեն հաղորդել, փոխարենը հայկական լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանել են թեման:
https://www.youtube.com/watch?v=acRNpwkNIis&fbclid=IwAR0eLPp5UoORPX8j4xDSuEGYgN-l8nKMjFlO_qtSpXDS04P2G4lZ-ocClUA
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ