Լրահոս
Օրվա լրահոսը

«Պնդում եմ, որ մեր պանծալի ոստիկանությունը չքողարկի այդ ցինիկ խուլիգանական արարքը». Լարիսա Ալավերդյանը՝ «Հայելիի» վրա հարձակման մասին

Հոկտեմբեր 07,2019 15:14

«Ես էլ եմ Անժելա Թովմասյան. ով ինչ ունի ասելու, թող գա ու ասի: Սա հարձակում է ոչ միայն Թովմասյան ընտանիքի վրա, այլև սա հարձակում է հասարակության ջանքերով այն մակարդակի ժողովրդավարության վրա, որն ի հեճուկս անգամ իշխանությունների է ձեռք բերվել: Սա փորձ է փոխել մեր հոգեկերտվածքը»,- անդրադառնալով «Հայելիի» վրա հարձակմանը՝ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա դատապարտեց նրանց, որոնք հզոր ու հարուստ հայերենից չեն կարողանում իրենց ինտելեկտուալ մակարդակի ներքո ընտրել այն խոսքերը, որոնցով արտահայտեն իրենց ոչ համաձայնությունն այս կամ այն երևույթի մասին. «Ես տեսնում եմ այդ խմբերի ուժերով մեզ բերում են պարիտետային վիճակի: Չեմ գտնում, որ դա պատահական է: Դա հստակ ռազմավարություն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, նրանց լուռ, այսպես ասած, աչքի ներքո կամ պարզապես խրախուսվում է նրանց կողմից: Այդ ամենը պետք է պարզեն մեր իրավապահ մարմինները: Այս մարդիկ ավելի շատ վախենում են հրեշտակից՝ Անժելայից, քան ոստիկանությունից: Դա պարզապես ուղղակի խուլիգանություն չէ, խուլիգանության հոդվածն ունի երկրորդ մաս, որտեղ խոսվում է հատուկ ցինիզմով կատարված խուլիգանության մասին: Այդ ինչո՞ւ են միայն մեկ մեղադրանք հնչեցրել՝ այն է լրագրողական դաշտում: Դա խուլիգանություն է հոդվածի երկրորդ մասով, դա վիրավորանք է: Եվ վերջապես դա ռասսայական ատելություն հրահրելու փորձ է»:

Այն, որ հարձակում իրականացնողներն իրենց հայտարարության մեջ գրել են hayeli.az ըստ Լարիսա Ալավերդյանի՝ մենք պետք է պահանջենք ոստիկանությունից և այլ մարմիններից, որ ներկայացնեն համապատասխան բոլոր մեղադրանքները: Լարիսա Ալավերդյանը ոստիկանությանը դիմելով ասաց՝ թող ցույց չտան, թե չեն տեսնում՝ ինչ հարձակում է տեղի ունենում ժողովրդավարական Հայաստանի վրա:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ մենք գործ ունենք անձի պաշտամունքի հետ, երբ օրինակ, պաստառի վրա մեջբերում են վարչապետին ձեռագրով գրված խոսքերը, նրա գրած գրքի հիման վրա ներկայացում են բեմադրում, դրանից առաջ նրա արձանն էր դրվել:

Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Մենք գործ ունենք անձի պաշտամունքի վերադառնալու ակտիվ փորձի հետ: No pasarán` չի անցնելու. սա այն հասարակությունը չէ, այն երկիրը չէ, որտեղ պետք է դիտորդի դերում նայենք, թե ինչ են անում մեր երկրի հետ: Բոլոր նրանց, որոնք կարծում են, թե սա իրենց ժամանակներն են, ասեմ, որ դա ձեր ժամանակը չէ: Եթե սա իշխանությունների ընտրած ճանապարհն է, հաստատ պարտվելու են: Սա դեգրադացիայի, երկիրը, հասարակությունը դեգրադացիայի տանող ճանապարհն է: Պետք չէ մեզ բերել բախումնային սցենարների: Ակնհայտորեն ցուցադրական այդ գործողությունները հենց բերում են նրան, որ երկրում լինեն բախումնային սցենարներ՝ դա Ամուլսարն է, կոնվենցիաները: Պնդում եմ, որ մեր պանծալի ոստիկանությունը չքողարկի այդ ցինիկ խուլիգանական արարքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031