Լրահոս
Օրվա լրահոսը

Քյոլնում նշվեց հանճարեղ Կոմիտասի ծննդյան 150-ամյակը

Հոկտեմբեր 07,2019 15:07

Ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Գերմանիայում, այս տարի մեծ շուքով նշվում է՝ Սևակի խոսքով՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոցի, մեր ժողովրդի երաժշտության ճամփան լուսավորող ռահվիրայի, երգահանի, երգչի, խմբավարի, հանճարեղ Կոմիտասի ծննդյան 150-ամյակը։

Կոմիտասը պեղեց, դարերի խորքից հանեց հայ երգը, մաքրեց այդ երգը փոշուց և օտար տիղմից։ Բեռլինում ուսանելու տարիներին և հետո էլ, Կոմիտասը Եվրոպային ապացուցեց, որ հայ ժողովուրդը ունի իր ինքնատիպ երգն ու երաժշտությունը, և Կոմիտասով հայ երգի ձայնը լսելի եղավ աշխարհին:

Քյոլնում գործող «Սիլվա Կապուտիկյան» գերմանա-հայկական կանանց միության վարչության, նրա ատենապետուհի Այլին Բերդուդ-Մերինոյի մեծ ջանքերի շնորհիվ 2019 թ․ հոկտեմբերի 5-ին Քյոլնի Սբ.Էնգելբերտ եկեղեցին շնչում էր Կոմիտասով։ Քյոլնում, Գերմանիայում բնակվող հարյուրավոր երաժշտասեր, նշանավոր հայեր և գերմանացիներ, մամուլի, ռադիոյի ներկայացուցիչներ հավաքվել էին ունկնդրելու Մեծն Կոմիտասի երգերը։

Այդ հանդիսությունում իր առաջին բեմելն արեց «Լույս» գերմանա-հայկական նվագախումբը, որը ընդամենը ամիսների պատմություն ունի։ Այն ստեղծելու գաղափարը խմբավար Արտակ Ոսկանյանինն է։ Երաժիշտը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան և Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոցը, նրա ղեկավարությամբ Քյոլնում գործում է նաև «Կռունկ» երգչախումբը։ «Լույս» նվագախմբին մասնակցություն բերեցին Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում ուսանող և գործող հայ երաժիշտներ։ Այդ սքանչելի գործի կայացմանն անուրանալի ծառայություն է մատուցել Այլին Բերդուդ-Մերինոն, օժանդակել են Քյոլնի քաղաքապետ տիկին Հենրիետե Ռիկերը, ինչպես նաև հայ և գերմանացի երաժշտասեր բարերարներ, նրանցից հատկապես՝ դոկտոր Գերդ Հերոլդը։

Համերգը ներածական խոսքով բացեց «Սիլվա Կապուտիկյան» գերմանա-հայկական կանանց միության ատենապետուհի Այլին Բերդուդ-Մերինոն։ Ներկաներին ողջունեց Քյոլնի քաղաքապետ, տիկին Հենրիետե Ռիկերը։ Ելույթներ ունեցան Գերմանիայի դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Սերովբե Իսախանյանը։

Ծրագրում, բացի Կոմիտասի հանրահայտ երգերից, ընդգրկված էին նաև Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, երգահան Արամ Սաթյանի ստեղծագործություններից, որոնք ունկնդիրների սրտերը լցրեցին սիրով, կարոտով, թախիծով, ափսոսանքով, և որոնց կատարումը հանդիսատեսը ընդունեց հոտնկայս ծափահարություններով։

Նվագախմբին իրենց սքանչելի կատարումներով ուղեկցեցին ճանաչված դուդուկահար, պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը, Գյոթինգենի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Նազելի Արսենյանը, առաջին ջութակ, երգչուհի, սոպրանո, Տաթևիկ Աշուրյանը, դաշնակահարուհի Լոլիտա Պողոսյանը, ինչպես նաև հայկական և գերմանական երգչախմբեր։

Համերգը ձայնագրվեց Արևմտագերմանական ռադիոյի ծրագրի կողմից։

Կարինա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031