Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն չմասնակցելու մասին. «Քվեարկությանը չմասնակցելը նույնպես քաղաքական դիրքորոշում է»

Հոկտեմբեր 07,2019 15:05

Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում պատասխանելով հարցին, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե զարմացել է, որ խորհրդարանի երկրորդ ուժը ներքաղաքական ակտիվ վիճակում կարծիք չի արտահայտում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԱԺ որոշման նախագծի քվեարկությանը չմասնակցելով եւ հավելել, որ իր համար ընդունելի կլիներ, եթե կողմ կամ դեմ լինեիք, բայց կարծիք արտահայտեիք, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանեց. «Թեպետ նախորդ շաբաթ առիթ եւ բազմաթիվ հնարավորություններ ունեցել ենք ներկայացնելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության ՍԴ ուղղված որոշման հետ կապված մեր դիրքորոշումը, սակայն քանի որ դեռեւս առկա են հարցականներ, եւս մեկ անգամ դրան կանդրադառնանք:

ԲՀԿ խմբակցության ղեկավար պարոն Գագիկ Ծառուկյանը առավել քան հստակ մատնանշեց, որ մեր՝ քվեարկությանը չմասնակցելու դիրքորոշումը պայմանավորված է բացառապես իրավական առումով այդ փաստաթղթի ոչ լիարժեքությամբ եւ առկա բազմաթիվ իրավական ձեւակերպումների թերությունների հետ: Տարօրինակն այն է, որ մենք առավել քան հստակ ներկայացրեցինք մեր դիրքորոշումը քվեարկությանը չմասնակցելու մասին, որը եւս մեր քաղաքական դիրքորոշումն է արտացոլում այս հարցի հետ կապված: Մենք այս օրերին բազմաթիվ անգամներ ասել ենք, որ կոնկրետ վերապահում ունենք այդ փաստաթղթի ձեւակերպումների մասով: Այսինքն, որեւէ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը որպես Սահմանադրական դատարանի նախագահ իր լիազորությունները կատարելու հարցում, թե որքանով է նա կոմպետենտ կամ ոչ կոմպետենտ:

Մենք դեռեւս 2018 թվականին մեր դիրքորոշումն արտահայտել ենք Հրայր Թովմասյանի հետ կապված՝ դեմ ենք քվեարկել նրա առաջադրված թեկնածությանը եւ բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Հրայր Թովմասյանը ոչ մեր կուռքն է, մեզանից ոչ մեկը նրա երկրպագուների ակումբի անդամ չէ , եւ մեր վերապահումը բացառապես «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է: Մենք դեմ կամ կողմ չենք քվեարկել այս փաստաթղթին, ինչով սակայն կասկածի տակ չենք դրել «Իմ քայլը» խմբակցության՝ Հրայր Թովմասյանի կոմպետենտության վերաբերյալ կասկած ունենալու իրավունքը: Այսինքն, թողել ենք, որպեսզի իրենք հանդես գան իրենց նախաձեռնությամբ, ներկայացնեն իրենց հիմնավորումները: Եվ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ միայն «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարար էին, որպեսզի նրանք դիմեին Սահմանադրական դատարանին այս հարցը քննության առարկա դարձնելու համար: Մեր չմասնակցությունը հիմնավորված է եղել՝ փաստաթղթի իրավական խութերի, բացերի պատճառով»:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հավելեց. «Ըստ էության, ընդհանրապես նման խնդիր չկա, որովհետեւ մեր խմբակցության մի քանի պատգամավորներ հիմնավորումները ներկայացրել են: Եկեք մի հանգամանք էլ հաշվի առնենք, որ խորհրդարանում քվեարկելու եւ քաղաքական դիրքորոշում հայտնելու համար չկա միայն կողմ, դեմ եւ ձեռնպահ դիրքորոշում: Կա նաեւ չմասնակցելու դիրքորոշում եւ սա քաղաքական դիրքորոշում է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031