Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական նիստն էր: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Աննա Դանիբեկյանին:
Դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում: Քոչարյանի աջակիցները նիստերի դահլիճ էին մտել ցուցապաստառներով: Դա հակաքոչարյանական թեւին բորբոքեց: Դատական կարգադրիչները փորձեցին Քոչարյանի աջակիցների ձեռքերից վերցնել դրանք:
Նիստի սկզբում դատավորին դժգոհեցին, որ իր ներկայացրած հաղորդման հիման վրա հետապնդվում են երկու երիտասարդներ, ընդ որում, դա որակվեց որպես քաղաքական հետապնդում:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց. «Դուք սույն գործով պատշաճ դատարան չեք կարող համարվել, ընդգծված բացասական վերաբերմունք ունեք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»: Նա ներկայացրեց հիմնավորումներ՝ ասելով, որ Դանիբեկյանն իրավասու չէ այս գործը քննել: Ալումյանը նշեց, որ հասարակական հնչեղություն ունի այս գործը, ուստի այս գործով դատավորի ընտրության գործընթացը պետք է թափանցիկ լիներ: Ըստ նրա, այս գործը դատավորի բաշխելու գործընթացը տեղի է ունենում գաղտնիության մթնոլորտում. «Կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, որ Դանիբեկյանը կաշկանդված է՝ կայացնելու իշխանություններին հաճո որոշումներ: Ուստի իրենք ինքնաբացարկ են հայտնում: Նա նաեւ ասաց, որ հուլիս-օգոստոս ամիսներին Աննա Դանիբեկյանի ամենամյա արձակուրդներն են, ուստի հարց է առաջանում, երբ այս գործով նիստ էր անցկացնում՝ արձակուրդո՞ւմ էր գտնվում այդ ժամանակ:
Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի նաեւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ. «Դուք թույլ եք տվել Յուրի Խաչատուրովի իրավունքների խախտում»: Նա նաեւ հայտարարեց՝ «Մտածում էի՝ ինքնաբացարկ հայտնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ»: Դանիբեկյանը հայտարարեց, որ դա ընդգծված վիրավորանք է դատարանի նկատմամբ ու որոշեց սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ՝ այլեւս թույլ չտալ խոսել, խոսքը շարունակել նիստում: Նա զրկվեց արտահայտվելու իրավունքից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ