Դավիթ Հարությունյանը դիմում էր քաղաքացիներին` ծիծաղելով մեր երեսին, հա դիմեք եվրոպական դատարան, բայց լավ իմացեք, որ ձեր հակառակորդը ես եմ. խորհրդարանական լսումներում նման հայտարարությամբ հանդես եկավ «Պետական կարիքի զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, խորհրդարանում ընթանում են «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումներ:
Սեդրակ Բաղդասարյանը հայտարարեց է, որ այն ժամանակ դատավորներն ու կառավարության ներկայացուցիչները քաղաքացիներին «ձեռ էին առնում» ՄԻԵԴ-ով, բայց այսօր Արցախի այդ հերոսը`նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մի իրավիճակում է հայտնվել, որ հղում է անում ՄԻԵԴ-ին. «Թե տեսեք, ի՞նչ է կատարվում: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր դիմում է Վենետիկին… եղբայր, բա մեր ժամանակ խի՞ չէիք դիմում, Սահմանադրությունն ինչի՞ էիք խախտում: Ինչեւիցե, երբ ՀՀ Սահմանադրությունը ևս մեկ անգամ կառավարության որոշումը ճանաչեց անօրինական, այդ ժամանակ կառավարությունը պետք է ընդուներ օրենք, այդ օրենքը պետք է կարգավորեր նախկինում կատարվածը, սակայն կառավարությունն ընդունեց 611 որոշումը, որով անտեսեց նախկինում եղածը եւ մեջը գրվեց, որ որոշումը վերաբերվում է 2007-ից հետո ծագող իրավիճակներին»:
Նա նկատում է, որ Հյուսիսային պողոտայի մասով կառավարությունն ուներ որոշում`մեկ քառակուսի մետր հողը վաճառել ոչ պակաս, քան 500 դոլար, բայց այդ որոշումը որեւէ քաղաքացու չէր տրամադրվել: Մինչդեռ քաղաքացիներից շատերի հողն, ըստ նրա, չէր էլ գնահատվել:
Կարդացեք նաև
Դրանից հետո, երբ ՄԻԵԴ-ում հայցերն ընդունվեցին եւ պետք է վճիռները գային, ըստ բանախոսի, Դավիթ Հարությունյանը հասկացավ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս եւ ընդունեց օրենքը: Միաժամանակ, ՄԻԵԴ դիմած քաղաքացիների հետ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հաշտություն կնքելու. «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն, օրինակ ասել էր, որ մենք պատրաստ ենք Սեդրակ Բաղդասարյանին եւ նրա երկու հարեւաններին բնակարան տալ իրենց տարածքից`կառուցված շենքում, 16 հարկանի, վեց կորպուսանոց: Միեւնույն ժամանակ ուղարկվել էր այդ բնակարանների սեփականության իրավունքը, մնում էր միայն մեր անունները գրվեր: Սակայն ի՞նչ պարզվեց. որոշումը կայացրեց 2015-ին, ՄԻԵԴ-ն ինձ ասաց, որ նամակով դիմեմ պարոն Կոստանյանին`բնակարանը ստանալու համար: Ես նամակով դիմեցի պարոն Կոստանյանին, առ այսօր պատասխան չեմ ստացել: Սակայն այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրահանգով, ինձ եւ իմ երկու հարեւաններին ընդունեց այն ժամանակ փոխնախարար Ռուբեն Մելիքյանը եւ ժպտալով ասաց`դուք բնակարանը կարող եք ստանալ, երբ որ մեզ փող տաք: Ասացի`պարոն Մելիքյան, ի՞նչ փողի մասին է խոսքը, երբ ՄԻԵԴ-ի վճռի մեջ մի բառ չկա գրված: «Ճիշտ եք ասում, գրված չի, բայց մենք ենթադրում էինք, որ դուք պիտի փող տաք»: Ես հասկացա, որ ենթադրում էր ինքը, իր շեֆը`Հրայր Թովմասյանը, իր ամենամեծ շեֆը`երեւի Սերժ Սարգսյանը: Ես ասացի`այդ գումարը ո՞նց պետք է ձեզ տամ, դնեմ ձեր գրպա՞նը, թե՞ ծրարով ձեզ փոխանցեմ կամ տվեք ինձ նամակ, որտեղ գրված կլինի, թե ես ո՞ր հաշվեհամարին փոխանցեմ այդ գումարը: Ի՞նչ ասաց պարոն Մելիքյանը… ասաց իսկ դուք այդ նամակը ՄԻԵԴ կուղարկե՞ք: Ասացի`բա, իհարկե: Ասաց`չենք տա այդ դեպքում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պրն Բաղդասարյանը համանման հայտարարություն արել էր ասուլիսում, ինչին ի պատասխան Ռուբեն Մելիքյանը Factor.am-ին ասել էր, որ 7 տարի առաջ Սեդրակ Բաղդասարյանին հրավիրել է իր մոտ և առաջարկել նրա շահերից բխող լուծման տարբերակ, ինչը, սակայն, չի ընդունվել։ «7 տարի առաջ հրավիրել եմ Սեդրակ Բաղդասարյանին ինձ մոտ և ասել հետևյալը․ որպեսզի ՀՀ-ն կատարի ՄԻԵԴ-ի առաջ իր ստանձնած պարտավորությունը՝ այն է նրան տա իրեն վճարված 20 հազար դոլարի փոխարեն իր ունեցածից երկու անգամ մեծ մակերեսով (117 քմ) բնակարան, առաջարկել եմ վերադարձնել այդ 20 հազար դոլարը։ Ես իրենց շահերից ելնելով առաջարկել եմ անգամ ոչ թե այդ պահին տալ գումարը, այլ տալ այն վերադարձնելու համաձայնություն, որից հետո կկարողանային հատկացված բնակարանը վաճառել շուկայական արժեքով, նոր գումարը վերադարձնել։ Սակայն երբ իրենք չհամաձայնեցին և երկու տարի հետո եղավ ՄԻԵԴ որոշումը, եղավ այն, ինչ ես ասում էի՝ 30 տոկոսով ավելի քիչ գումար ստացան, քան եթե հետ վերադարձնեին այդ 20 հազար դոլարը և վերցնեին իրենց ունեցած բնակարանից երկու անգամ ավել մակերեսով բնակարանն ու այն վաճառեին»։
Ինչեւէ, բնակարանները առ այսօր չեն տրամադրվել իրենց, Սեդրակ Բաղդասարյանն էլ հավաստիացնում է, որ դիմել է կադաստր եւ պարզել, որ այդ բնակարաններն այլ սեփականատերեր ունեն եւ հայտարարում, որ ՄԻԵԴ-ին խաբելը մեր երկրի համար գերխնդիր էր այն ժամանակ:
Նա գտնում է, որ պարտադրված պայմանագրեր կնքած քաղաքացիների գործերը պետք է վերանայվեն եւ պահանջում է, որ այս գործով եւս Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցվեն եւ ՀՀ բյուջեին պատճառված երեք միլիարդ դոլարի վնասը պետք է նրանք փոխհատուցեն: Սեդրակ Բաղդասարյանը պատրաստ է փաստաթղթերով ապացուցել այդ պաշտոնյաների մեղքը:
Լսումներին մասնակցող ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ խնդրի վերաբերյալ նախարարությունը գործընթաց է նախաձեռնել. բնակիչների հետ հանդիպումներ են ունեցել, որոշել են աշխատանքի ձեւաչափը, կստանան տեղեկություններ եւ կճշգրտեն հետագա քայլերը: Նախարարությունը պատրաստակամ է խնդիրները վեր հանել եւ լուծումները գտնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ