«Ասել, որ մակարդակը բավարար է, եւ բուհերի տեխնոլոգիական ֆակուլտետների բոլոր շրջանավարտները կարող են PicsArt-ում եւ նման այլ ընկերություններում աշխատել, ճիշտ չէ, բայց մենք ունենք ֆակուլտետներ, որոնց ուսանողներն անգամ մինչեւ ավարտելն առաջադեմ ընկերություններում իրենց տեղն ունեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով WCIT 2019-ին տեղական ընկերությունների մասնակցությանը, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Բարելավման շատ տեղ կա դեռ, բայց համոզված ենք՝ բուհերի համար լավագույն մասնագետներ պատրաստելու համար լուրջ հիմքեր պետք է ստեղծենք հանրակրթության ոլորտում, ինչը եւ անում ենք»,-նշեց նա:
Թե ինչ արդյունք կունենա WCIT 2019-ն իր ենթակայության ոլորտների համար, Արայիկ Հարությունյանը նշեց. «Այստեղ ներկայացված ընկերությունները նորարարության առումով ասելիք ունեն, դրա համար նախարարությունը ստեղծել է այս հարթակը, որպեսզի նրանք միջազգային առաջադեմ ընկերությունների հետ կապեր հաստատելու հնարավորություն ունենան: Որոշակի քննարկումներ արդեն իսկ կան, առաջիկայում դա պարզ կլինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ