«Առավոտը» տեղեկացրել էր, որ Ցոլակ Խաչատրյանի գործով հոկտեմբերի 2-ին վերաքննիչ վարչական դատարանը հրապարակելու է որոշումը: Դատարանը հրապարակեց որոշումը եւ նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը հաղթեց ըստ էության պատասխանող ճանաչված ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Դատարանում վիճարկում էր անցյալ տարվա հոկտեմբերի 16-ի ստորադաս դատարանի որոշումը: Ըստ բողոքարկվող որոշման, Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության՝ չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով, եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով, վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել էր մասնակի:
Դատարանը պարտավորեցրել էր պաշտպանության նախարարությանը տրամադրել Ցոլակ Խաչատրյանին 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում եւ մնացած մասով հայցը մերժել էր:
Ց. Խաչատրյանը 1995 թվականից մինչեւ 2014 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014 թվականին ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ նա ազատվել էր ծառայությունից, սակայն նրան այդ պահին չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական հատուցում չի վճարվել: Հայցվորը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով վճարել վերջնահաշվարկը եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժերը:
Կարդացեք նաև
Սակայն պաշտպանության նախարարությունը հարկ չէր համարել պատասխանել նախկին զինվորականին, ինչն էլ պատճառ էր դարձել, որպեսզի Ցոլակ Խաչատրյանը դիմի ՀՀ վարչական դատարան:
Խաչատրյանին չէին լսել նաեւ ՀՀ կառավարության շենքի մոտ նրա բողոքի ակցիաների ժամանակ, հացադուլի ժամանակ:
Նա վարչական դատարանից խնդրել էր, որպեսզի պարտավորեցնի ՀՀ պաշտպանության նախարարությանը վճարել 1998 թվականից մինչեւ 2013 թվականը ներառյալ, ընդհանուր 354 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով:
Ց. Խաչատրյանը աշխատանքից ազատվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին, ինչը ենթադրում էր, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի, վերջնահաշվարկը պետք է կատարվեր աշխատանքային պայմանագրի լուծման օրը՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: 2018թ. ապրիլի 6-ին վարչական դատարանը գործի վարույթը կասեցրել էր, քանի որ կողմը դիմել էր Սահմանադրական դատարան: Նշեմ, որ փոխհատուցման հարցը կարգավորված է եղել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով. «Զինծառայողի՝ ժամանակին չզորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) կամ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ չօգտագործած հերթական արձակուրդի օրերը հաշվարկվում եւ տրամադրվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրը»: Մինչդեռ, 28.11.2007 թվականին ընդունված եւ 05.01.2008 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով նշված դրույթը սահմանված էր. «Զինծառայողի՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով»: ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 778 որոշումը 02.10.2014 թվականի թիվ 1075-Ն որոշմամբ լրացվել է 15.1 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի եւ փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով»:
ՍԴ-ի որոշումը հրապարակվելուց հետո, պաշտպանության նախարարությունը 204 օրվա համար մեկ ամսում պետք է տար փոխհատուցումը, սակայն չէր տվել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.10.2019