Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը հայտարարեց, որ ինքը 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին». Սեդրակ Բաղդասարյան

Հոկտեմբեր 07,2019 12:46

«Երբ 2000 թվականին սկսվեց «Հյուսիսային պողոտա» հանցավոր ծրագիրը… հանցավոր, քանի որ կառավարության որոշմամբ կառուցվող շենքերը 5-7 հարկանի պետք է լինեին, բայց կառուցվեցին 16 հարկանի շենքեր, հաջողությամբ մարսելով «Հյուսիսային պողոտան», Ռոբերտ Քոչարյանը 2002-ին կառավարության 1151.N որոշմամբ անցավ մեկ ուրիշ նպատակի` Երեւանի կենտրոնի 345 հազար քառակուսի մետրը պետք է իրացնեին: Այսինքն, ուտեին»,- խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես եկավ «Պետական կարիքի զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, խորհրդարանում ընթանում են «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումներ:

Սեդրակ Բաղդասարյանը հայտարարեց, որ իր ծրագրի իրագործման համար Ռոբերտ Քոչարյանին «համախոհների խունտա» էր պետք, որը ղեկավարում էր այդ ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ընդգրկված էր քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Այդ գործընթացներում, ըստ նրա, դերակատարում են ունեցել ողջ դատական համակարգը, նաեւ`ԴԱՀԿ-ն:

Նա հիշեցնում է, որ իրացման տարածքներում կառուցապատման ծրագրերն առանց մրցույթի էին իրականացվում եւ պնդում է, որ կառուցապատողների մասով որոշումները կայացնում էր Երվանդ Զախարյանը. «Կառավարության 2004 թվականի որոշման մեջ, Երեւանի Գլխավոր պողոտայի մասով, նշված են մի քանի կազմակերպություններ, որոնցից մեկը`«Ավագ տուր» տուրիստական կազմակերպությունը: Հետագայում Երվանդ Զախարյանն իր իսկ որոշմամբ, կառավարության որոշման մեջ անում է փոփոխություններ եւ նշում, որ «Ավագ տուրի» փոխարեն կարդալ «Վիզկոն» ՍՊԸ: «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը հետագայում օֆիցիալ հայտարարեց, որ ինքը 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որպեսզի նա հայտնվի այս ցուցակում»:

Շարունակելով «կաշառքի» պատմությունը, Սեդրակ Բաղդասարյանն ասաց. «Վերջերս Յուրի Վարդանյանի գործով, ՀՀ-ն 1, 608 հազար եվրո փող պետք է հատուցի, այսինքն, մեր բոլորի գրպանից: Դա այն տարածքն է, որը Երվանդ Զախարյանը կաշառքով տվեց «Վիզկոն» ՍՊԸ-ին: Հետևությունները դուք արեք»:

Կառավարության 950 որոշումը սահմանում էր կարգը, որում, ըստ նրա, գրված է, որ քաղաքացին իր գույքը գնահատում է քաղաքապետարանի կողմից միակողմանի ընտրված անկախ գնահատող կազմակերպության միջոցով, որը ֆինանսավորվում էր կառուցապատողի կողմից. «Պարզ է, չէ՞, որ ցածր կգնահատեին եւ եթե դուք ձեզ խելոք էիք պահում`ձեզ խրախուսանք էին տալիս`30, 50 տոկոս: Եթե լավ չէիք պահում`ձեզանից կտրում էին: Հարյուրավոր դատարաններում եղել են գործեր եւ ինչպես Քոչարյանն ասում է`իր լավ, խելացի դատավորները… մի հատ դատավոր չգտնվեց`խելացի, պատշաճ, որ ասեր`էս մարդիկ ճիշտ են»: Սեդրակ Բաղդասարյանը հավելում է, որ ՀՀ դատարանները չէին օգտագործում հօգուտ ՀՀ քաղաքացիների ՍԴ-ի կայացրած որոշումը, ավելին, իրենց վճիռներում չէին նշում քաղաքացիների առարկությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Հյուսիսային պողոտայի շինարարության ժամանակ 100միլիոնավոր դոլլարներ գումարներա ներդրվել, 1000վոր աշխատատատեղեր են ստեղծվել, հարկերա վճարվել։ Նենց որ էտ գումարը տասնապատիկ չափերով վերադարձելա։
    Իսկ եթե արդարությունից ենք խոսում ուրեմն պետքա ավելի հետ գնանք ու հասկանանք իսկ Յուրի Վարդանյանը 90-կաններին արդյոք օրինական ճանապարհովա քաղաքի կենտրոնում պետական սեփականություն հանդիսացող 1500քմ տարածքը իրանով արել՞

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031