Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ մամուլի խոսնակը դատի է տվել գործատուին

Հոկտեմբեր 07,2019 13:00

2018թ. փետրվարի 27-ի Երեւանի պետական համալսարան հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի հրամանով Գեւորգ Էմին-Տերյանն ընդունվել է աշխատանքի՝ որպես համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ-ԵՊՀ մամուլի խոսնակ՝ մեկ ամբողջական դրույքով: Նշված հրամանով, միաժամանակ, հայցվորը թողնվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի ժամավճարային հիմունքներով դասախոսի պաշտոնում մինչեւ 2017/18 ուստարվա վերջը:

Ըստ դատարան դիմած Գ. Էմին-Տերյանի՝ «անհասկանալի պայմաններում» համալսարանի ռեկտորի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մալխասյանի 26.07.2019թ. թիվ 137/13 հրամանով իրեն տեղափոխել են  այլ աշխատանքի եւ նշանակել Համալսարանի հանրային ծառայության պետ-մամուլի խոսնակ:  «Միաժամանակ, ստացվել է այնպես, որ ինձ հետ  սկզբնապես կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը փոխարինվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով»:

Հայցվոր խոսնակը դիմել է դատարան, պահանջելով՝ «Մասնակի՝ եւ շարունակվում է մինչեւ 31 դեկտեմբերի 2019թ. մասով անվավեր ճանաչել Երեւանի պետական համալսարան հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մալխասյանի 26.07.2019թ. թիվ 137/13 հրամանի 4-րդ կետը, քանի որ, ըստ նրա, նշված հրամանն ուղղակիորեն հակասում է աշխատանքային հարաբերությունները կարգավորող ներպետական օրենսդրության պահանջներին ու հիմնարար սկզբունքներին, խաթարում է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը, ուստիեւ, ենթակա է անվավեր ճանաչման»:

Հունիսի 23-ին հայցվորի կողմից   զեկուցագիր է ներկայացվել համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին` խնդրելով ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության լուծարման, Հանրային կապերի ծառայության ստեղծման եւ հաստիքների փոփոխության կապակցությամբ համապատասխան աշխատակիցներին՝ համապատասխան հաստիքներով տեղափոխել նոր կազմավորվելիք Հանրային կապերի ծառայություն՝ սահմանելով երեք ամիս փորձաշրջան:

Հունիսի 26-ին  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի վիճարկվող հրամանով հայցվորը տեղափոխվել է այլ աշխատանքի եւ նշանակվել Համալսարանի հանրային ծառայության պետ-մամուլի խոսնակ:

Ըստ այդ հրամանի, 4-րդ կետով նախատեսվել է, որ աշխատանքը սկսվում է 25.07.2019թ.-ից եւ շարունակվում է մինչեւ 31.12.2019թ., իսկ հրամանի 5-րդ կետով աշխատողի համար սահմանվել է փորձաշրջան երեք ամիս տեւողությամբ: Գ. Էմին-Տերյանը հղում կատարելով աշխատանքային գործող օրենսդրությանը, նշել էր. «Ակներեւ է, որ սույն գործով հայցվորիս հետ սկզբնապես կնքված աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը Գործատուի համար կրում էր եւ հիմա էլ կրում է մշտական, տեւական բնույթ: Ակնհայտ է, որ աշխատանքային պայմանագրի տեսակը աշխատանքային պայմանագրի էական պայման է, որը կարող է փոխվել՝ բացառապես նախապես ստանալով աշխատողի գրավոր համաձայնությունը եւ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված կանոնները: Մինչդեռ, սույն հայցով վիճարկվող հրամանը կայացնելիս Գործատուի կողմից չի պահպանվել ՀՀ աշխատանքային օրենսդրության որեւէ իրավադրույթ, ինչն ուղղակիորեն հանգեցնում է խնդրո առարկա հրամանի անվավերությանը»:

Ըստ հայցվորի,  գործատուի կողմից դրսեւորված գործողությունները ոչ այլ ինչ են, քան աշխատողի իրավունքների կոպտագույն խախտում:

Դատարանը սեպտեմբերի տասնվեցին բավարարել էր նաեւ մամուլի խոսնակի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որով արգելվում էր ԵՊՀ-ին կատարել գործողություններ՝ ուղղված Գ. Էմին-Տերյանի հետ աշխատանքային  պայմանագրի լուծմանը: Դատարանում առկա է բողոքն այդ որոշման դեմ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031