Հայրենիքը պաշտպանելիս հերոսացած զինվորների մասին ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող, փոխգնդապետ Գայանե Պողոսյանի երեք տասնյակից ավելի ակնարկները շատ հանրաճանաչ են, ունեն մեծ լսարան ոչ միայն այդ հոդվածների հոգեհարազատ ու ոգեղեն բովանդակության, բարձր գեղարվեստական արժեքի շնորհիվ, այլեւ այն պատճառով, որ դրանք դարձան ոգեշնչման աղբյուր արվեստագետների համար ու նոր, գեղեցիկ ձեռնարկումների սկիզբ: Նախ՝ տիկնիկագործ Լուսինե Սանթրոսյանն ակնարկների հիման վրա բեմադրեց ապրիլյան կռվի հերոսական դրվագները պատկերող ներկայացում, որը ցուցադրվեց Երեւանում եւ Նոր Հաճն քաղաքում, ապա կապանցի երիտասարդ նկարիչ Էրիկ Դավթյանը իր հեղինակած կտավները նվիրեց հայրենիքը հերոսաբար պաշտպանած քաջերին ու զոհվածների ծնողներին, հայտարարելով, որ իբրեւ սիրո ու փառաբանումի խորհրդանիշ՝ այդ նախաձեռնությունը դառնալու է շարունակական: Դրան հաջորդեց նկարչուհի, մոդելավորող Նազանի Նազանյանի հարցազրույցը ՊՆ «Հայ զինվոր» հանդեսին, որտեղ նա պատմեց իր գեղեցիկ մտահղացման մասին՝ Հայրենիքը պաշտպանելիս սխրանք գործած քաջերի մայրերին նվիրել իրենց որդիների թռչնատառ անուններով զարդարված, խաչազարդ պատարագի գլխաշորեր՝ իբրեւ փառքի ու օրհնության խորհրդանիշ:
Էջմիածնում, Մաչանենց տանը կայանալիք միջոցառմանը հրավերը ինձ ուղարկվեց լրագրող Հայկ Մագոյանից: Հետո նրա ֆեյսբուքյան էջին հայտնվեց տեսաուղերձ, որտեղ Հայկ Մագոյանը բացատրեց. «Լրագրող Գայանե Պողոսյանն ու նկարչուհի Նազանի Նազանյանը իմ ընկերներն են, իսկ ես բանակի նվիրյալ եմ, երկար ժամանակ թղթակցել եմ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսին եւ կազմակերպելով Նազանիի Փառքի եւ օրհնության գլխաշորերի հանձնման միջոցառումը՝ Գայանեի ակնարկների 12 հերոսների մայրերին, հոգու պարտք էր եւ նվեր իմ երկու ընկերներին՝ լրագրող Գայանե Պողոսյանին եւ նկարչուհի Նազանի Նազանյանին»:
Մաչանենց տանը ամենագեղեցիկ սրահներից մեկը էլ ավելի էր գեղեցկացել, որովհետեւ Նազանի Նազանյանն այնտեղ ցուցադրում էր իր գունագեղ կտավները: Սեղանին «Հայ զինվոր» հանդեսի այն համարներն էին, որտեղ զետեղված էին Գայանե Պողոսյանի ակնարկները: Լեփ-լեցուն սրահի առաջին շարքում առյուծածին մայրերն էին նստել, սրահում էին ակնարկաշարի հեղինակ, փոխգնդապետ Գայանե Պողոսյանը, ժամանակակից հայ պոեզիայի գագաթներից մեկը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, հանրաճանաչ քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը, տաղանդավոր դերասան Նիկոլայ Եղիազարյանը, սիրված ասմունքող Գայանե Սամվելյանը, կիթառահար- երգիչ Րաֆֆի Հակոբյանը: Նույնիսկ հրաշամանուկ փոքրիկ Միքայելն էր եկել, որ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության իր ասմունքը նվիրի ներկաներին: Հանդիսավարը միջոցառման կազմակերպիչ, լրագրող Հայկ Մագոյանն էր: Նա ասաց, որ միջոցառումը ունի «Մայրերը՝ հանուն խաղաղության» խորագիրը, որովհետեւ այսօրվա խաղաղությունը հայ մայրերն են կռել տարիներ շարունակ, որոնք ծնել, մեծացրել, դաստիարակել են հայրենիքի ազատության համար զոհաբերվելու պատրաստ որդիների: Ու հերոս որդիները դարձել են նրանց փառքն ու Երկնքից ուղարկված օրհնությունը: Ուրեմն՝ հենց նրանք պիտի կրեն իրենց հերոս որդիների թռչնատառ անուններով զարդարված գլխաշորերը: Հայկը նաեւ պատմեց, որ բառացիորեն բոլորը՝ Մաչանենց տան տնօրինությունը, միջոցառման մասնակից արվեստագետները, լսելով, որ երեկույթը հերոս զինվորների ու նրանց մայրերի փառաբանության համար է, անհատույց միացան նախաձեռնությանը, հրաժարվեցին որեւէ վարձատրությունից: Միջոցառումն սկսվեց ազգագրական ռիթմիկ պարով: Հետո դերասան Նիկոլայ Եղիազարյանը իր սրտառուչ ու գեղեցիկ ձայնով, զուսպ, բայց խոր հուզմունքով սկսեց հատվածներ ընթերցել Գայանե Պողոսյանի ակնարկներից՝ պատմելով 12 հերոսների սխրանքների մասին: Իրենց որդիների հերոսության պատմությունը մեկ անգամ եւս լսելուց հետո, մայրերը ծափերի տարափի ներքո ստանում էին իրենց Փառքի ու օրհնության գլխաշորերը: Արարողությունն ընդմիջվում էր երաժշտական համարներով ու ասմունքով: Ասմունքող Գայանե Սամվելյանի կատարմամբ հնչում էին Խաչիկ Մանուկյանի վեհաշունչ բանաստեղծությունները մերօրյա հերոսների մասին: Հերոսներ ծնած մայրերին իրենց սրտի խոսքն էին ասում Մաչանենց տան հանդիսությունների սրահում հավաքված մարդիկ: Նիկոլայ Եղիազարյանը ընթեցեց նաեւ իր հորեղբոր՝ բանաստեղծ Սամվել Եղիազարյանի «Կամավորներս, կամավորներս» վերնագրով հրաշալի բանաստեղծությունը՝ նվիրված հայրենիքը պաշտպանելիս Անմահացած բոլոր հերոսներին:
Միջոցառման առաջին հերոսը հայրենիքն էր, հետո նրա խաղաղությունը սահմանից երկիր բերող հայ մայրը: Միջոցառման ամենակարեւոր ասելիքն այն էր, որ մեր սերն ու հոգատարությունը, մեր պարտքն ու երախտագիտությունը հայրենիքի պաշտպաններ ծնած մայրերի հանդեպ երբեք չի ավարտվելու: Ու սա անպարտ Հայրենիք ունենալու հուսալի նախադրյալ է:
Կարդացեք նաև
Լիլյա ՍԱՖԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.10.2019