Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. Տեղի են ունեցել սեփականության իրավունքի կոպտագույն խախտումներ

Հոկտեմբեր 07,2019 11:28

«Ես ականատես եմ եղել տեսարանի, երբ մարդն ուղղակի գամված լինելով անկողնուն`իր բնակարանից չէր կարողանում հեռանալ, քանի որ պետությունը պատշաճ միջոցներ չէր ձեռնարկել նրա տեղափոխման համար»,- այսօր խորհրդարանում ընթացող «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ 2000-ականներին տեղի ունեցած իրադարձությունները հիշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Լսումները կազմակերպվել են ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ:

Մարդու սեփականության օտարումը պետության կամ հանրության շահի համար կարող է լինել միայն բացառիկ դեպքերում`օրենքին համապատասխան, մինչդեռ, Արման Թաթոյանը նկատում է, որ 2000-ականներին դա արվել է ՀՀ կառավարության որոշումներով`այդ ընթացքում խախտելով մարդկանց մի շարք իրավունքներ, իսկ ծրագրի տնտեսական արդյունքն էլ եղել է զրոյական: «Այդ ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում եւ ի հաշիվ հանրության շատ անդամների, մի քանի անհատներ հարստացել են, հարյուրավոր ընտանիքներ անօթեւան են դարձել»,- հայտարարեց Արման Թաթոյանը`հավելելով, որ կառավարությունn այդպես էլ չսահմանեց թե ի՞նչ ասել է «հանրային գերակա շահ»: Նա նկատեց, որ կառավարությունն ինքն է որոշումներ կայացրել, անգամ փոխհատուցման գնի հետ կապված բանակցություններ թույլ չեն տրվել. «Կառավարությունը կողմ է եղել եւ սեփականատիրոջ նկատմամբ գերակա դիրք է ունեցել»:

Նա փաստեց նաեւ, որ քննարկումներ չեն իրականացվել, քաղաքացիները որոշումների կայացմանը չեն մասնակցել եւ տեղի են ունեցել սեփականության իրավունքի կոպտագույն խախտումներ, դատարաններն էլ ի վնաս սեփականատերերի որոշումներ են կայացրել:

Արման Թաթոյանը հիշեց, որ դեռ ՀՀ առաջին ՄԻՊ-ը կառավարությանն առաջարկել էր վերանայել պայմանագրերը, այնուհետ, սահմանադրական փոփոխություններից հետո, ՄԻՊ-ը ՍԴ է դիմել: ՄԻՊ-ի առաջարկների մի մասն ընդունվել են այն ժամանակ, բայց դրանց զգալի մասը, ըստ Արման Թաթոյանի, առանց հիմնավորումների մերժել են: Այս գործերով ՄԻԵԴ-ն էլ բազմաթիվ վճիռներ ունի`հօգուտ քաղաքացիների: Հետագայում արդեն օրենք ընդունվեց, որը կարգավորում է սույն իրավահարաբերությունները: Չնայած սրան, Արման Թաթոյանն իբրեւ ՄԻՊ, գտնում է, որ համակարգային առումով 2007-ից ի վեր սեփականության իրավունքի պաշտպանությանը լուծումներ չեն տրվել, մարդիկ համարժեք փոխհատուցումներ չեն ստացել: Նա նկատեց, որ այսօր էլ կան բավական վիճելի տարածքներ` Կենտրոն, Արամի, Բյուզանդի, Կոնդ եւ այլ, որտեղ մարդիկ իրենց բնակարանները չեն ստացել եւ դեռ հարց է`փոխհատուցումն ընդհանրապես կտրվի՞, թե ոչ, մինչդեռ 30-ամսյա ժամկետում պետք է օտարված տարածքներում մարդիկ բնակարան ստանային:

ՄԻՊ-ն առաջարկում է խնդիրը կարգավորել օրենքում փոփոխություններով, նաեւ ընդլայնելով պետության սուբսիդիար պատասխանատվությունը` ոչ միայն ապագա, այլ նախկինում եղած դեպքերի առիթով: Կոնկրետ առաջարկներ, կոնկրետ իրավասու մարմիններին ներկայացված են, ՄԻՊ-ն էլ պատրաստակամ է հետագա աջակցության համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031