Լրահոս
Օրվա լրահոսը

Տապանը պետք է կառուցել մինչեւ ջրհեղեղը

Հոկտեմբեր 07,2019 10:44

Անցյալ տարվա քաղաքացիական հուժկու պոռթկմամբ արձանագրվեց մեր ժողովրդի վճռականությունը հանրային կյանքը ձերբազատել այն արատներից, որոնք ուղեկցում էին մեզ դեռևս 90-ականներից սկսած և լուրջ խոչընդոտներ էին հարուցում մեր քաղաքացներին՝ արդար և արժանապատիվ կյանքով ապրելու խնդրում:

Անցյալ տարվա մայիսին իշխանափոխությամբ հանրությունը ձևավորեց հանրային կյանքում իրավամբ հեղափոխական փոփոխությունների իրականացման իր օրինական սպասելիքները՝ նոր իշխանություններին տալով լեգիտիմ մանդատ օրենքի և օրինականության պայմաններում, իրավունքի գերակայության ապահովմամբ, արմատական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով հանրային օրգանիզմը առողջացնել՝ հաստատելով արդարություն և ձերբազատելով այն կոռուպցիայից, հովանավորչությունից, քաղաքական իշխանությունը սեփական անձնական շահերին ծառայեցնելու համակարգային դրսևորումներից, մենաշնորհներից և անառողջ մրցակցության կապանքներից:

Հանրության հիմնական հատվածի մոտ արդարև ձևավորված էր համոզմունք, որ դրսևորելով քաղաքական կամք և գնալով այդ արատները ծնող պատճառների վերացման համակարգային լուծումներին, իշխանությունները կկարողանան ոչ միայն նոր շունչ հաղորդել մեզանում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ինստիտուցիոնալ զարգացումներին, ոչ միայն համախմբել հանրությանը հանրային կյանքի արդիականացմանն ուղղված իշխանությունների քաղաքական, տնտեսական և սոցիալական նախաձեռնությունների շուրջ, այլև, այդ ամենի միջոցով, մի նոր մակարդակի բարձրացնել արտաքին ոչ բարենպաստ մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու մեր պետության հավաքական կարողությունները՝ անշրջելի երաշխիքներ ձևավորելով երկարաժամկետ հորիզոնում Երկրի մրցունակ և անվտանգ զարգացման համար:

Արդյոք նման ռազմավարական կարևորության խնդիրներ լուծելու համար առկա՞ էին անհրաժեշտ քաղաքական նախադրյալներ: Անկասկած՝ այո՛: Անկախության ողջ ժամանակաընթացքում ոչ մի իշխանություն չի ունեցել այդ աստիճանի վստահության մանդատ, ինչպիսին այսօրյա իշխանությունները: Որևէ կառավարություն չի ունեցել ազգային ժողովում այնպիսի մեծամասնություն, հետևաբար և քաղաքական աներկբա աջակցություն, ինչպիսին այսօրվա կառավարությունը: Արդյոք արմատական բարեփոխումներ իրականացնելու համար էլ ավելի բարենպաստ պայմաններ են անհրաժեշտ: Իհարկե ո՛չ: Սակայն արդյոք իշխանության գալուց մեկ և կես տարի անց, կարելի է համոզված պնդել, որ իշխանությունները գիտակցեցին իրենց պատմական առաքելությունը և առավելագույնս արդյունավետ օգտագործեցին իրենց ընձեռնված այդ բացառիկ հնարավորությունները: Ցավոք, առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել՝ ո՛չ:

Հանրային կյանքի առողջացման քաղաքական օրակարգ ձևավորելու և այն քայլ առ քայլ իրականացնելու, հանրությանը համախմբելու, ազգային և հայանպաստ զարգացումներին նոր խթան հաղորդելու փոխարեն հանրությունը ականատես եղավ հասարակության շրջանում բաժանարար գծեր ձևավորելու, հանրությունը պառակտելու և ներքին թշնամու կերպար ձևավորելու իշխանությունների՝ ոչ մի հեռանկար չխոստացող քայլերի:

Նոր սերնդի բարեփոխումներ իրականացնելու փոխարեն մենք տեսնում ենք սեփական քաղաքական ազդեցությունը իշխանության բոլոր թևերի նկատմամբ հաստատելու անթաքույց նախաձեռնություններ, որոնք վտանգում են հանրային կյանքում ժողովրդավարության ինստիտուցիոնալ զարգացումը անշրջելի դարձնելու գործում իրավունքի գերակայության և իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի գործնականում իրագործումը:

Հանրությունը ականատես է հանրային կարևորության խնդիրներում քաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվելու, հասարակական կյանքում հանդուրժողականության և ներդաշնակության միջավայրի ձևավորման կարևորությունը չգիտակցելու իշխանությունների գործելաոճին:

Լուրջ մտահոգություններ են ձևավորվել նաև արտաքին հարաբերությունների բնագավառում՝ ի մասնավորի արտատարածաշրջանային ազդեցիկ դերակատարների հետ հարաբերութուններում և արցախյան հակամարտության կարգավորման խնդրում:

Այս ամենի արդյունքում իշխանություններին չի հաջողվում հանրային ողջ մտավոր և հասարակական-քաղաքական ռեսուրսը մոբլիզացնել և ուղղել արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ էլ ավելի արդյունավետ հավաքական ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը:

Վերանալով ստեղծված իրավիճակի ձևավորմանը նպաստող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, հարկ է արձանագրել, որ այն չի կարող անտարբեր թողնել մեր երկրի անվտանգ ապագայով մտահոգված ցանկացած քաղաքացու և հատկապես նրանց՝ ում քաղաքական անցյալը նաև պարտավորեցնող է:

Այս կապակցությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանի Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը, որով հանդես եկավ ակումբի նախագահ, Անկախության ակունքներում կանգնած քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Այդ հայտարարության քաղաքական արժեքն այն է, որ կարևորվում է ներկա փուլում ներքաղաքական գլխավոր օրակարգ ձևավորելու և այն իրականացնելու գործիքակազմ և լուծումներ գտնելու խնդրի հրատապությունը և այդ նպատակով ներքաղաքական դիսկուրս ծավալելու անխուսափելի անհրաժեշտությունը:

Ակումբի հայտարարությունը առանձնանում է նաև նրանով, որ թե՛ իշխանություններին և թե՛ ոչ իշխանական ուժերին, կենսափորձ և հմտություններ ունեցող անհատներին նշված դիսկուրսին սեփական կառուցողական մասնակցությունը բերելու հրապարակային առաջարկ լինելով հանդերձ, միաժամանակ նախաձեռնություն է ուղղված հանրային կարողությունների համախմբմանը և համերաշխության միջավայրի ձևավորմանը:

Մեծ իմաստով ակումբը առաջարկում է ‹‹Տապանը կառուցել մինչև Ջրհեղեղը››:

Չգիտակցել սա՝ նշանակում է գնալ ոչինչ չխոստացող ճանապարհով:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031