«Հայելի» մամուլի ակումբի հետ կապված միջադեպի վերաբերյալ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև տարբեր լրատվամիջոցներ, նախաձեռնող խմբեր։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․
«Հայելի» մամուլի ակումբի վրա ոտնձգությունը, անկախ ազդարարված դրդապատճառից, ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ։
Կարելի է չկիսել ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականությունը, վերլուծություններն ու մեկնաբանությունները, սակայն անթույլատրելի է լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշման փորձ։
Կարդացեք նաև
Այս ամենի արմատները պետք է փնտրել երկրում տիրող մթնոլորտի, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու, ընտրովի արդարադատության, այլակարծության ցանկացած դրսևորում մերժելու մեջ։
Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փորձ դատապարտելի է և բերելու է ժողովրդավարական արժեքների կոպիտ ոտնահարման։
Անհրաժեշտ է միահամուռ կանխել նման անթույլատրելի ոտնձգությունները, այլապես սա կարող է վտանագավոր նախադեպ դառնալ և ունենալ բումերանգի իր էֆեկտը։
Հուսանք, որ այս դեպքում ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու։
Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ» ԽՈՒՄԲ
Հոկտեմբերի 5 -ին հարձակում է տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Ինչպես երևում է «Հրապարակ» լրատվականի տեսանյութից, մի խումբ երիտասարդներ ձվերով հարվածել և վիրավորական պոստերներ են փակցրել մամուլի ակումբի պատերին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում։ Նմանօրինակ դեպքերը և լրատականների նկատմամբ ճնշումները պետք է բացառվեն։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ ՀՀ ոստիկանությունն արագ կարձագանքի և օրինական դաշտ կբերի գործողությունների հեղինակներին։
«Մեդիա Պաշտպանը» չի ցանկանում իրավական գնահատական տալ երիտասարդների գործողություններին, բայց նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արարքը խուլիգանական բնույթ ունի և կարող է պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ սատար է կանգնելու խոսքի ազատությանը։ Նախաձեռնությունը պատրաստ է օրենքի շրջանակներում աջակցել «Հայելի» մամուլի ակումբին։
«ՄԵԴԻԱ ՊԱՇՏՊԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Տեղեկանալով հայրենի «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակման մասին, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարությամբ է հանդես եկել:
«Հիմնվելով մեր դավանանքի վրա, խստորեն դատապարտում ենք մամուլի և ազատ խոսքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
Ատելության քարոզի, այլակարծության նկատմամբ անհանդուրժողոկանության և նման բացասական երևույթների դեմ համապատասխան գործողություններ չկիրառելը հանգեցնում է այսպիսի լարված իրավիճակի:
Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության նկատմամբ այս հարձակումը քաղաքական թե այլ նամակներ ուղղելու անքաղաքակիրթ միջոց է, ինչպես նաև ատելության ծայրահեղ դրսևորում, որն ըստ երևույթին սոցիալական ցանցի տիրույթից տեղափոխվեց իրական կյանք:
Ակնկալում ենք տեղական իշխանություններից և իրավապահ համակարգից խիստ գնահատական այս երևույթին, քանզի նման միջադեպերը խաթարում են մեր երկրի միջազգային վարկանիշը:
Լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է խոսքի ազատությունը՝ ժողովրդավարության ձգտող մեր պետությունում: Ցանկացած բռնություն լրատվամիջոցների դեմ պետք է ստանա իրավական ու քաղաքական համարժեք պատասխան:
Այս առիթով մենք կոչ ենք անում պատկան մարմիններին անհապաղ դիմակազերծել մեր գործընկերոջ դեմ հարձակում գործած մարդկանց ու արժանի պատիժը տալ նրանց, այլապես այն կարող է կրկնվել և դառնալ սովորական երևույթ մեր սիրելի հայրենիքում»: