Լողի հայկական դաշնության նախաձեռնությամբ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների ավելի քան 40 լողորդներ հավաք-մարզում անցկացրին: ԼՀԴ նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նպատակը հագեցած մրցաշրջանի պատասխանատու վերջնամասին պատրաստվածության աստիճանն ստուգելն էր:
Վերջին մի քանի տարիներին լողորդների արդյունքների որակական տեսանելի աճ է նկատվում թե պատանիների եւ թե, հատկապես, ազգային հավաքականի անդամների շրջանում: Չկա մի միջազգային մրցում, որտեղ մեր լողորդները (տղաները եւ աղջիկները) չթարմացնեն Հայաստանի ռեկորդները: Ավելին, մեր լավագույն լողորդներն արդեն սկսել են միջազգային լողուղյակներում «անհանգստացնել» առաջատար երկրների իրենց մրցակիցներին: Իսկ Արթուր Բարսեղյանը այս պահի դրությամբ Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշ ունի: Հովսեփ Մեսրոպյանը մեծ կարեւորություն է տալիս նոյեմբերի սկզբին Կազանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որին մասնակցելու են Արթուր Բարսեղյանը, Վահան Մխիթարյանը, Անի Պողոսյանը, Նինա կիրակոսյանը: Բոլորը հույսեր են փայփայում, որ Արթուր Բարսեղյանը կկարողանա «B» ուղեգիրը փոխարինել «A» ուղեգրով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ