Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադով կարկանդակ

Հոկտեմբեր 06,2019 20:11

Ավելի հեշտ եւ արագ պատրաստվող թխվածք դժվար է պատկերացնել: Այնքան արագ եւ այնքան քիչ ջանքեր պահանջող, բայց միեւնույն ժամանակ այնքան համեղ թխվածք է, որ կդառնա ձեր խոհանոցի մշտական հյուրը: Անհրաժեշտ է ընդամենը երեք բաղադրիչ՝ շերտավոր խմոր, շոկոլադ եւ ձու: Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս սառցարանում մշտապես ունենալ 1-2 գունդ շերտավոր խմոր՝ հրատապ դեպքերի համար: Պետք եղած ժամանակ 2 ժամ առաջ կարող եք հանել սառցախցիկից եւ պատրաստել այս խմորեղենը:

Անհրաժեշտ մթերքները

Շերտավոր խմոր- 250 գրամ

Սեւ շոկոլադի սալիկ (եթե կաթնային եք սիրում, կարող եք կաթնային վերցնել)- 100 գրամ

Ձու- 1 հատ

Նուշի փաթիլներ- 1 ճաշի գդալ (պարտադիր չէ)

Պատրաստման եղանակը

Սառցախցիկից 2 ժամ առաջ հանեք շերտավոր խմորը, այն պետք է լինի լավ սառը, դժվարությամբ գրտնակվի, սակայն սառած չլինի: 1 գունդ շերտավոր խմորը սովորաբար կշռում է 500 գրամ, դա նշանակում է, որ պետք է վերցնեք կես գունդ: Կամ, եթե ցանկանում եք, կարող եք պատրաստել 2 կարկանդակ: Մեկ այլ տարբերակն էլ այն է, որ մի կեսով պատրաստեք այս շոկոլադե կարկանդակից, մյուս 250 գրամով՝ որեւէ այլ բան, օրինակ, շոկոլադի փոխարեն պանրի միջուկ դրեք:

Շերտավոր խմորը գրտնակեք, որպեսզի ստացվի ուղղանկյուն շերտ, որն իր մակերեսով մեծ է շոկոլադի սալիկից: Շոկոլադի սալիկը դրեք կենտրոնում: Խմորի՝ դուրս մնացած մասերը կտրեք լուսանկարում ցուցադրված ձեւով: Վերեւի եւ ներքեւի շերտերը ծալեք ներս, իսկ կողքի շերտերով «հյուսեք» շոկոլադի սալիկը:

Վրան քսեք լավ հարած ձուն, եթե ունեք նուշի փաթիլներ, ցանեք վրան, եթե՝ ոչ: Դրեք 220 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 20 րոպեով, մինչեւ խմորը բարձրանա եւ շառագունի:

Անջատեք ջեռոցը, թողեք 5-8 րոպե թխվածքը սառչի, ապա կտրատեք եւ մատուցեք: Կարող եք մատուցելիս կողքը պաղպաղակ դնել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031