«Ուրախ եմ այստեղ լինել: Իմ առաջին այցն է Հայաստան: Շատ ջերմ ընդունելություն է»,- օդանավակայանում հայտարարեց միջազգային ճանաչում վայելող դիջեյ, երաժշտական պրոդյուրսեր Արմին վան Բյուրենը: Հանրաճանաչ դիջեյը Հայաստան է ժամանել`մասնակցելու «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին: Այսօր երեկոյան, ժամը 20։00-ին համաժողովը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում համերգով, որին ելույթ է ունենալու նաև Արմին վան Բյուրենը:
«Կենտրոնանալու եմ շոուի վրա»,- օդանավակայանում, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց դիջեյը:
Ասօր երեկոյան`WCIT-2019-ի բացման արարողությանը, որը կմեկնարկի տեխնո համերգով, կմասնակցեն այն բոլոր երկրների ներկայացուցիչները, որտեղ մինչ այս կայացել է համաշխարհային կոնգրեսը:
Ավելի վաղ ժամանել էր աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը եւ Էրիկ Էրսալիան: Նրանց հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկարներն իր ֆեյսբուքյան էջում վարչապետն էր հրապարակել: Ավելի ուշ նախատեսվում է Քիմ և Քորթնի Քարդաշյանների այցը:
Կարդացեք նաև
Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները դրական եւ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ