Թենիսի «Արարատ» ակումբի կորտերում անցկացված դիվանագետների առաջնությանը հետեւում էր ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Յուրաքանչյուր մայրաքաղաք դիվանագիտական մարզական միջոցառումներ ունի: Երեւանը բացառություն չէ: Թենիսը դիվանագիտական մարզաձեւի ճանաչում ունի: Ելնելով նրանից, որ հիմնականում նստակյաց աշխատանք ենք վարում, սա շաբաթը մեկ-երկու անգամ խաղալու մեր համար ամենամատչելի ձեւն է:
Թենիսի սիրահարներ շատ կան Երեւանում հավատարմագրված դիվանագետների շրջանում, ուստի որոշեցինք վերականգնել ավանդույթը», – ասաց փոխնախարարը:
Հարցին, թե Հայաստանի ԱԳՆ-ում սպորտը սիրող, առողջ ապրելակերպով զբաղվողներ շա՞տ կան, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նկատել եմ, որ չնայած վերելակի գոյությանը, մեր աշխատակիցներից շատերն օրվա մեջ մի քանի անգամ ոտքով են բարձրանում 7-8-րդ հարկ: Թե քանի՞սն են մարզադահլիճ հաճախում, կդժվարանամ ասել, բայց միանշանակ մեր աշխատողներն ավելի բարետես են դարձել ու ավելորդ քաշ ունեցողների թիվը քչացել է: Մի քանի հոգի ենք մնացել»,-պատասխանեց Գրիգոր Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ