Օրերս մամուլում կրկին ահազանգեր եղան` Սեւանը նորից սկսել է ծաղկել: Բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում Սեւանի օգոստոսյան ծաղկումից հետո այս կրկնածաղկումը պայմանավորեց առավելապես կլիմայական պայմաններով: Ըստ Կարինե Դանիելյանի, մարդկության համար բավական բարենպաստ կլիման` տարվա այս եղանակին ոչ բնորոշ եւ բավական բարձր ջերմաստիճանը, բնության համար շատ անբարենպաստ է: Բնապահպանը երաշտ է կանխատեսում:
Բարձր ջերմաստիճանի արդյունքում ջերմաստիճանն աննախադեպ բարձր է նաեւ Սեւանա լճում, լճի ջրահավաք ավազանում. «Նման բան չենք ունեցել»: Արդյունքում, ըստ մեր զրուցակցի, երբ օգոստոսի երկրորդ կեսին լճի ծաղկումը պակասեց, փաստորեն, այդ պահին սեզոնն ավարտվեց, հիմա ծաղկման երկրորդ սեզոնն է:
«Շտապ պետք է մաքրման կայաններ կառուցել, եղածները հարստացնել, որպեսզի միայն մեխանիկական մաքրում չլինի, այլ նաեւ կենսաբանական, ջրի մակարդակի բարձրացման հարցը պետք է լուծենք, նաեւ ափերի մաքրման»,- ասում է Կարինե Դանիելյանը:
Հանրային խորհրդի կողմից առաջարկների փաթեթը, նաեւ գործողությունների ծրագիրը դեռ անցյալ տարի էր կառավարությանը ներկայացվել: Այսօր էլ Կարինե Դանիելյանն ահազանգում է. «Պիտի շտապ արվի, այլապես ճահճացում է գնում»: Կառավարությունը Հանրային խորհրդի առաջարկներն ուղարկել էր նախարարություններին, տիկին Դանիելյանը հիշում է, որ մի քանի քննարկումներ եղել են, ջրի մակարդակի հարցում էլ կառավարությունը զիջումների գնաց, բայց ասում է` դա քիչ է:
Կարդացեք նաև
Օրերս կառավարությունը օրինականացրեց Սեւանից սիգի որսը: Բնապահպան Սիլվա Ադամյանն այս որոշումը «խայտառակ» էր որակել` նկատելով, որ սա լճի էկոհամակարգի վերականգնումից հետ քայլ է եւ որ ջրիմուռների ծաղկման հետ կրկին խնդիրներ են առաջանալու:
Կարինե Դանիելյանը համամիտ է գործընկերոջ հետ. «Ձուկը նաեւ սանիտարի դեր ունի, իհարկե նաեւ ձկան պաշարները պետք է վերականգնենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ