Վերջին տասնամյակի ընթացքում Մեծ Բրիտանիայում գենետիկ նոր 19 մեխանիզմ է հայտնաբերվել, որոնց օգնությամբ բակտերիաներն անխոցելիություն են ձեռք բերում հակաբիոտիկների նկատմամբ։ Բրիտանական Public Health England (PHE) գործակալությունը հայտնել է անբուժելի սուսանակի (գոնորեա, հարուցիչը՝ Նեյսերի գոնոկոկ) և ստաֆիլոկոկի մասին։
Գործակալությունն անհանգստություն է հայտնել, որ շուտով հակաբիոտիկներն ուղղակի պիտանի չեն լինի, իսկ դա կլինի, եթե շրջակա միջավայրում ռեզիստենտ բակտերիաների թիվը գերազանցի որոշակի մակարդակը։ Ժամանակակից առողջապահության գլխավոր խնդիրներից մեկը հակաբիոտիկների դեմ կայուն «սուպերբակտերիաների» տարածումը կանխելն է։
PHE-ում վերցրել են այդպիսի մանրէների 1300 նմուշ, այդ թվում այնպիսի բակտերիաների, որոնք գոնորեայի, միզասեռական օրգանների, երիկամների և աղիքների հիվանդությունների հարուցիչ են համարվում։ Վերցված նմուշներն անխոցելի են եղել դեղամիջոցների նկատմամբ։
Ընդ որում հայտնաբերված բակտերիաների մեծամասնությունը դիմադրողականություն են ցուցաբերել այսպես կոչված «վերջին ռեզերվի» հակաբիոտիկների նկատմամբ, որոնք կիրառվում են ամենածանր դեպքերում։
Կարդացեք նաև
«Մանրէները հակաբիոտիկների դեմ պայքարող նոր մեխանիզմներ են ստեղծում՝ յուրացնելով այլ բակտերիաների ԴՆԹ-ի մասնիկները»,- մեկնաբանում է գործակալությունը։ Դրանից բացի մանրէները դիմադրողականություն են ձեռք բերում մուտացիայի ճանապարհով։
Ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել
19 նոր գենետիկ մեխանիզմների բացահայտումը չի նշանակում, որ Բրիտանիայում առաջացել են 19 նոր՝ հակաբիոտիկներով բուժման չենթարկվող հիվանդություններ։ Դրանց թիվը կարող է ավելի շատ լինել։ Այսպես, վերջին 5 տարվա ընթացքում Public Health England-ի լաբորատորիայում հայտնաբերվել են 32 տեսակի բակտերիաներ, որոնք կայունություն ունեն իրենց վրա փորձարկված բոլոր հակաբիոտիկների նկատմամբ։
Հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող մանրէների տարածման հետևանքները կարող են կործանարար լինել, ահազանգում են մասնագետները։ Առանց արդյունավետ հակաբիոտիկների անգամ ամենապարզ վիրահատությունը կարող է վարակի աղբյուր դառնալ, հիվանդի վերականգնումը կարող է ձգձգվել, իսկ մահվան դեպքերը գնալով կավելանան։
Առողջապահական կազմակերպությունները բազմիցս են բարձրաձայնել «սուպերբակտերիաների» վնասների մասին։ Վիճակագրության համաձայն՝ այսօր կայունություն ունեցող մանրէների կողմից հարուցված հիվանդությունների պատճառով տարեկան մահանում է մոտ 700 հազար մարդ։ Բժիշկների կանխատեսումների համաձայն՝ 2050 թ․-ին այդպիսի հիվանդություններից մահացությունների թիվը տարեկան կհասնի մոտ 10 մլն-ի։
Տարվա սկզբին Դավոսում Բրիտանիայի առողջապահության նախարարը ներկայացրել է այդ խնդրի դեմ պայքարի պլանը, որը կապված է հակաբիոտիկների ընդունման կրճատման հետ։
Կառավարությունն առաջարկում է 25%-ով կրճատել կենդանիների բուժման համար օգտագործվող հակաբիոտիկների թիվը (2016 թ․-ի հետ համեմատ)։
Դատելով արդյունքներից՝ այս մեթոդն աշխատում է։ Այս տարվա օգոստոսին բրիտանական կլինիկաներից մեկը հայտնել է, որ «սուպերբակտերիաների» կողմից հարուցված հիվանդությունների թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 12,6% տոկոսով, այն բանից հետո, երբ հիվանդներին ավելի հազվադեպ են հակաբիոտիկներ նշանակել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ