Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում․ Արմեն Սարգսյան

Հոկտեմբեր 06,2019 10:50

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը նախ տեղեկացրել է պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նշելով, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն և նման ճակատագիր՝ նախագահն ընդգծել է, որ ներկայումս նույնպես երկու երկրները շատ նման խնդիրներ ունեն։

Սերբիայի հետ համագործակցությունը սերտացնելու մյուս պատճառներից մեկը նախագահը համարել է էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում այդ երկրի մեծ ներուժը։ Նա հիշեցրել է, որ ժամանակին Երևանում «Մարս» գործարանի կառուցման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էին հարավսլավացի մասնագետները, քանի որ այդ երկիրն ուներ զարգացած էլեկտրոնային արդյունաբերություն։ Եվ Սերբիան ներկայումս պահպանել է այդ ավանդույթները։ «Հայաստանի զարգացման կարևորագույն ուղղություններից են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։ Ապագան նոր տեխնոլոգիաներն են և, կարծում եմ, Հայաստանն ու Սերբիան այս ոլորտներում կարող են համատեղ աշխատել և լա՛վ աշխատել։ Դրա ապացույցը թե՛ Սերբիայի նախագահի, թե՛ վարչապետի հետ մեր բանակցություններն էին»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան կարիք ունեն զարգացնելու նաև տրանսպորտային կապերն ու խթանելու զբոսաշրջությունը։ Երկու երկրները սննդի արտադրության ոլորտում ևս մեծ ներուժ ունեն և կարող են ներդրումներ ներգրավել այս և մի շարք այլ ոլորտներում։

Հայաստանի նախագահն այնուհետև անդրադարձել է պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին։

Նախագահը խոսել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու, Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարատափ» փառատոն անցկացնելու մտադրության, Գյումրին ու Նովի Սադը քույր քաղաքներ հայտարարելու պայմանավորվածության մասին՝ նշելով, որ Բելգրադի քաղաքապետը ցանկություն է հայտնել նույնպիսի հարաբերություններ ստեղծել Երևանի հետ։

«Երկու օրվա ընթացքում մենք շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք և կարող ենք ասել, որ հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում։ Հուսով եմ, որ ձեզնից շատերն ապագա լայն համագործակցության մասնակիցը կդառնան»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծափողջույններով են ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի Սերբիա այցելելու, մինչև տարեվերջ Հայաստանում Սերբիայի դեսպանատուն բացելու պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։

Այնուհետև նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես երկկողմ հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատմանը, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանը և այլն։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031