Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի ու անբացատրելի

Հոկտեմբեր 06,2019 12:00

Գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ շատ դեպքերում ու շատ հաճախ է երախտամոռությունը քաղաքական կատեգորիա դառնում ու հանդիսանում:

Ակնհայտ փաստ ու բացարձակ ճշմարտություն է, որ եթե ժամանակին Հայաստանի նախագահ չհանդիսանար մեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն երբեւէ Հայաստանի վարչապետ ու նախագահ չէր դառնա, այլեւ, ըստ ամենայնի, Լեռնային Ղարաբաղի նախագահ էլ երբեւէ չէր դառնա:

Բոլոր դեպքերում, փաստը մնում է փաստ, որ Ռոբերտ Քոչարյանը եզակի քաղաքական գործիչ է, ով իր քաղաքական կյանքում ու կենսագրության մեջ եղել ու հանդիսացել է երկու երկրի նախագահ: Ու նաեւ փաստ է, որ վերջինս երկու երկրի նախագահ է դարձել ոչ թե իր քաղաքական հանճարի կամ տաղանդի շնորհիվ, այլ ընդամենը եւ միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքի ու ցանկության արդյունքում:

Թվում է թե՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պիտի երազեր, որ կյանքն իրեն որեւէ կերպ հնարավորություն ընձեռի՝ փոխհատուցելու իրեն այսքան լավություններ արած Լեւոն Տեր-Պետրոսյանի արած լավությունների դիմաց: Սա, իհարկե, երախտագիտության առկայության դեպքում: Երախտագիտության առկայության եւ երախտամոռության բացակայության դեպքում Քոչարյանը, ժամանակին Տեր-Պետրոսյանի շնորհիվ Հայաստանի նախագահը հանդիսանալով, Տեր-Պետրոսյանի արած անխտիր բոլոր լավությունները փոխհատուցելու հազար  ու մի հնարավորություն ու տարբերակ ուներ, բայց էդ հնարավորություններից ու տարբերակներից որեւէ մեկը չօգտագործեց, որովհետեւ, փաստորեն, բարի կամքն ու ցանկությունն էին պակասում, այլապես Քոչարյանին հրաշալի հնարավորություն էր տրված Հայաստանի առաջին նախագահին հետ վերադարձնել իրենից ժամանակին ստացած նախագահական աթոռը եւ էդ կերպ «քվիտ» լինել Տեր-Պետրոսյանի հետ: Մենք խոսում ենք արդարամտության ու մարդկային նորմալ հարաբերությունների մասին, մինչդեռ Քոչարյանը ոչ միայն Տեր-Պետրոսյանի հետ «քվիտ» լինելու հրաշալի հնարավորությունից չօգտվեց ու նախագահական աթոռը Տեր-Պետրոսյանին հետ չվերադարձրեց ու չնվիրեց, այլեւ Տեր-Պետրոսյանին ու բոլորիս չարաբաստիկ մարտի 1 նվիրեց եւ էդ կերպ, փաստորեն, Տեր-Պետրոսյանի վերադարձի դեմն առավ:

Մենք խոսում ենք քաղաքական երախտամոռության մասին, եւ Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի օրինակը երախտամոռության դասական ու անկրկնելի օրինակ է, ու նաեւ անարդարության դասական օրինակ է, եւ սա ասում եմ հատկապես նրանց համար, ովքեր Քոչարյանի հանդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն են անարդարություն համարում, եւ մարդիկ էլ կան, ովքեր Քոչարյանին Տեր-Պետրոսյանից են նախընտրում եւ երբեւէ էս ասածներիս մասին չեն մտածել, բայց եթե մտածեին էլ, դրանից որեւէ բան չէր փոխվի. էլի  Քոչարյանին նախընտրողը Քոչարյանին էր նախընտրելու, եւ Տեր-Պետրոսյանին նախընտրողը՝ Տեր-Պետրոսյանին, որովհետեւ, ինչպես նախաբանում ասացինք, Քոչարյանին նախագահ ու Քոչարյան դարձնողը հարյուր տոկոսով Տեր-Պետրոսյանն էր, եւ եթե Քոչարյանին որեւէ հարցում սխալ կամ մեղավոր ենք համարում, Տեր-Պետրոսյանին էլ պիտի ինչ-որ չափով ու ինչ-որ առումով նրան մեղսակից համարենք, որովհետեւ, փաստորեն, եթե Տեր-Պետրոսյանը չլիներ, Ռոբերտ Քոչարյան անունով ոչ վարչապետ կունենայինք եւ ոչ էլ երկրորդ նախագահ, եւ ոչ էլ, ըստ ամենայնի, նաեւ Արցախի երկրորդ նախագահ:

Որ այսքան տարի Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ավելի քան առեղծվածային մահվան մասին չենք խոսում ու էդ մահվան հանգամանքները չենք քննարկում, դա էլ է անբացատրելի ու անհասկանալի:

Ինչպես տեսնում եք, անբացատրելի ու անհասկանալի շատ բաներ կան:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»
04.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եւ այդպես շարունակ՝մինչև պարսից շահը,որը սկիզբ դրեց Արտաշեսյան դինաստիայիստեղծմանը,այնուհետև մյուս շահին՝Արշակունյաց դինաստիայի համար, մինչև Սուրեն Հարությունյան,ինչպես նաև Սերժ Սարգսյան ….:Մանկապարտեզի մակարդակի հոդված է…

  2. Alfred says:

    էտ ձեր ասած քվիտ է որ անիծում է երկրի հայրը՝

  3. 1991 թվականի հոկտեմբերի 16 ձայների 83.4% չլսված արդյունք նախագահ ընտրեցինք՛ պատերազմ էր՛ ունեինք հզոր տնտեսություն, որը թալանվեց : 1996թվական՛ սկսեց այն,ինչ ունենք այսօր: 1997թվական՛ Հայաստանի տնտեսությանը ծանոթ վարչապետ չկար,եթե լիներ կտեսներ, որ կործանված է տնտեսությունը: Հետ նայեք 1988-91թ.թ.-ին՛ կար համերաշխ, օրինապաշտ,հաց կիսվող ժողովուրդ: Ասելիքը շատ է: Ինչ մնում է երախտամոռությանը,ապա դու ինձ ես քեզ և օրենքի գերբացակայության շնորհիվ ունենք այս արդյունքը:

  4. Սարգիս Զեյթունյան says:

    Անհասկանալին ու անբացատրելին 25-ամյա հարգված լրատվամիջոցում այս մակարդակի վերլուծություն տեսնելն է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031